Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մասին շատ ենք գրել, հաճախ ենք անդրադարձել նախկին ՕԵԿ-ական, իսկ հիմա էլ ՀՀԿ-ական նախարարի գործունեությանը: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, շունը հաչի, քամին փչի… Երկրի նախագահն ու կառավարության ղեկավարը ձեւացնում են, թե չեն տեսնում այս նախարարի բացահայտ ապօրինությունները, իսկ հարազատ Հանրապետական կուսակցությունն էլ հավանաբար լռում է` նախընտրական արշավի ժամանակ պատրաստվելով Բուլկի Արամին ստիպել «մուծվել»` հանուն հարազատ ֆերմայի…
Բազմիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ մեր երկրի Սահմանադրությունն արգելում է պետական ծառայողներին, բարձրաստիճան պաշտոնյաներին զբաղվել բիզնեսով, ունենալ եկամտի այլ աղբյուրներ, որոնք նախատեսված չեն օրենքով: Սակայն միայն Արամ Հարությունյանի` վերջին տարիների եկամուտներն ուսումնասիրելիս հանգում ենք այն եզրակացությանը, որ այս նախարարն «ափաշկարա» ու անարգել զբաղվում է հակաօրենսդրական գործունեությամբ` պատասխան չտալով դրա համար: Արամ Հարությունյանը 2009 թվականին հայտարարագրել է 131 մլն 61 հազ. 616 դրամ եկամուտ, ինչպես նաեւ ձեռք է բերել 3 շենք եւ շինություն: Իսկ 2010-ին նախարարը հայտարարագրել է 103 մլն 250 հազ. 403 դրամ եկամուտ: Նախարարի աշխատավարձը չի գերազանցում 300 հազար դրամը` առանց հարկերի եւ պահումների, ուրեմն որտեղի՞ց նրան այս եկամուտները, ինչպե՞ս են դրանք գոյացել… Դեռեւս մինչեւ նախարար նշանակվելը, օգտագործելով պատգամավորական մանդատն ու կապերը` Արամ Հարությունյանն ամբողջապես տեր դարձավ մի ընկերության, որը կենտրոնացած է Եղվարդի ճանապարհների շինարարության վրա: Այս հարցում նախարարը ե՛ւ գերազանցել է իր լիազորությունները, ե՛ւ թույլ է տվել արարք, որը քրեորեն պատժելի է: Իսկ ավելի ստույգ` նրա գործողություններն ամբողջապես համապատասխանում են «Հանրային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածի բնութագրումին. «Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է բարձրաստիճան պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեեւ ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ` իր կամ իր հետ փոխկապակցված անձի կամ իր անդամակցած ոչ առեւտրային կազմակերպության կամ իր մասնակցությամբ առեւտրային կազմակերպության ֆինանսական միջոցների կամ եկամուտների ավելացմանը կամ գույքային կամ իրավական դրության այլ բարելավմանը»:
Միայն այս հանգամանքը պիտի ստիպեր վարչապետ Տիգրան Սարգսյանին` անմիջապես զեկուցագիր ներկայացնել ՀՀ նախագահին` ապահովելով Արամ Հարությունյանի պաշտոնանկությունը, իսկ Գլխավոր դատախազությունն էլ հայտարարագրի հիման վրա պիտի նյութեր պատրաստեր: Սակայն ինչպե՞ս վարչապետը դիմեր երկրի նախագահին, երբ ինքն էլ, խախտելով օրենքը, ներքաշված է մի շարք «գործողությունների» մեջ` մասնավորաբար կապվելով «Նաիրիտ»-ին, իսկ երկրի նախագահն էլ մեր ամենամեծ օլիգարխն է, ով հազիվ թե կարողանա «ձեռք բարձրացնել» նրանց վրա, որոնք անարգել արհամարհում են օրենքները…
Կառավարության ղեկավարը, նախարարի պաշտոնանկությունը պահանջելու փոխարեն, 2010 թվականին նրա ղեկավարած ընկերությանն է հատկացրել 32 մլն դրամ` Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման աշխատանքների համար: Եւ պարզվում է, որ այստեղ նախագծային աշխատանքներն իրականացրել է «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ն, իսկ շինարարական աշխատանքները` «Նաիրիշին» ԲԲԸ-ն: Երկուսն էլ պատկանում են Արամ Հարությունյանին: Ավելի ճիշտ, բաժնեմասերի մի զգալի մասը պատկանում է Արամ Հարությունյանին:
Նախարարին պատկանող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի գործառույթների «մեջ են մտնում անհատական կաթսայատների, արտադրական համալիրների, ավտոճանապարհների եւ ճանապարհային ենթակառուցվածքի օբյեկտների, բնակավայրերի եւ տարածքների կառուցապատման, գյուղատնտեսական օբյեկտների, բնակելի շենքերի, զվարճությունների համալիրների, էլեկտրամատակարարման օբյեկտների, կոմունալ եւ պահեստային կառույցների, հիդրոտեխնիկական կառույցների, հյուրանոցների եւ տուրիստական կենտրոնների, հրաշիջման համակարգերի, ճարտարագիտական ցանցերի, մեծ թռիչքի կոնստրուկցիաների, մշակութային եւ մարզական օբյեկտների, շենքերի եւ կառույցների, ջեռուցման գազային համակարգերի, ջրագծերի, ջերմամատակարարման օբյեկտների, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի, ջրամաքրման կառույցների, ջրառու կառույցների, ջրատնտեսական օբյեկտների, սեյսմակայուն շենքերի եւ կառույցների, տարածքների բարեկարգման եւ կանաչապատման, տանիքածածկերի, վարչական շենքերի, օդափոխման համակարգերի նախագծումը»: Այս վերջին մեջբերումը, որը ներկայացնում է ընկերության գործառույթները, քաղված է պաշտոնական տեղեկագրից: Ուրեմն, անօրինականությունը վաղուց օրինականացվել է, իսկ Արամ Հարությունյանն էլ վայելում է ամենաթողության «քաղցր» պտուղները… Նրան պատկանող «Նոր Ռեժանս» ռեստորանային համալիրը, որի 42 տոկոս բաժնեմասի տերն է, եւ նրա կողքին գտնվող բենզալցակայանը, որն ամբողջությամբ նախարարի սեփականությունն է, ինչպես նաեւ Եղվարդի «Հայինկոմսպասարկում» ԲԲԸ-ն, որի 70 տոկոս բաժնեմասի տերն է Բուլկին, ապահովել են նրա եկամուտները…
Իհարկե, Արամ Հարությունյանը միակը չէ մեր նախարարների մեջ, որ օրենքներ է խախտում, նա բոլորից մեկն է, որովհետեւ նախարարների այս ցուցակում «հանգստավետորեն» տեղավորվել են ուրիշները եւս… Տեսնենք, թե ինչ կանի նորաստեղծ էթիկայի հանձնաժողովը:
Ո՞ՒՐ Է ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ