«ՍՈՒՊԵՐԻ» ՈՒ «ՊՐԵՄԻՈՒՄԻ» ՓՈԽԱՐԵՆ «ՌԵԳՈՒԼՅԱՐ» ԵՆ ՎԱՃԱՌԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բենզինի շուկայում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են աղաղակող խախտումներ. «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվել է «սուպերի» փոխարեն: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը: Տեսչության մասնագետները խախտումները բացահայտել են հենց տեղում` երկու շարժական լաբորատորիաների միջոցով: «Մինչ օրս բոլորն ասում են, որ լիտրի մեջ են խաբում, բայց մեր արձանագրած բոլոր խախտումները եղել են որակական, ոչ թե քաշի»,-ասել է նա:
Հարցին, թե այդ դեպքում «ռեգուլյարի» անվան տակ ինչ բենզին են վաճառել, Խալիկյանը պատասխանեց. «Էդ մոտավորապես էն պատմությունն ա, որ ասում են` մի հատ գինու բոչկայից երեք տեսակ գինի են վաճառում: Մոտավորապես նույն բանն ա: Մի հորից վաճառվել ա երեք տիպի բենզին` «ռեգուլյար», «պրեմիում» եւ «սուպեր»: Եղել են դեպքեր, երբ բենզալցակայանի գործունեությունը դադարեցվել է, եւ խախտումները վերացնելու ժամանակ տրվել:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով` ի՞նչ պատիժ պետք է սահմանվի գործարարներինկատմամբ, եւ արդյոք տուգանքը բավարար է:

ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջինը պիտի հասարակությունը մասնակցի, սպառողների շահերի պաշտպանող կազմակերպությունը, մամուլը: Շատ ճիշտ է ասել Խալիկյանը, որ ոչ թե քաշի, այլ որակական խախտումներ են, իսկ մենք պետք է բացի որակականից, քաշի հարցում խորանանք այն առումով, որ մեզ խաբում են քողարկված ձեւով: Օրինակ` շաքարավազի մեջ, եթե խոնավությունը բարձր ա, ստացվում ա, որ մենք ջրի փող ենք տալիս մասամբ, այսինքն` մենք վճարում ենք մեկ կիլոգրամի համար, բայց գնում ենք ավելի քիչ. նույնը` սուրճը, նույնը` հացը: Մենք խաբված ենք, եւ մենք այդ հարցը  բազմաթիվ անգամ բարձրացրել ենք, որ պետք է համատեղ ՀԿ-ների հետ գնանք, ուսումնասիրենք եւ այդ կեղծված քաշի խնդիրը ջրի երես հանենք: Պիտի պատժվեն, իսկ այստեղ մի նրբություն կա, պատժել նույն չափով` նշանակում ա մեծին մենք պարգեւատրեցինք, իսկ փոքրին սնանկացրինք, այսինքն` այդ տուգանքը նույն չափով պիտի չլինի, պիտի լինի իրենց շրջանառության համապատասխան:   

ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Սպառողների միության նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Առանց մանրամասներն իմանալու, թե կոնկրետ ինչ են հայտնաբերել, ինչ փաստեր կան, չեմ ուզում որեւէ գնահատական տալ, որովհետեւ վերջերս էլ կաթնամթերքի շուկայում պատիժներ սահմանվեցին. պարզվեց` պետական այդ մարմինն ուղղակի բլեֆ է արել, դրա համար էդ մասին չեմ ուզում խոսել:

ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆ
տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Շնորհակալություն տեղեկության համար, որովհետեւ Հանրային խորհուրդը չգիտեր այդ մասին: Ամեն ինչ իր պատիժն ունի, ես ինչ եմ ուզում`  նշանակություն չունի, օրենքն ինչ-որ պահանջում է, դա է պետք անել, ուրիշ բան, եթե օրենքի հետ համաձայն չեք, օրենքը փոխեք: Բայց ուզեք-չուզեք, օրենքով պիտի առաջնորդվեք:

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հանրային խորհրդի նախագահ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ




Լրահոս