«Թաքնված քարոզարշավն» արդեն սկսվել է: Գյումրիում Ամանորի նախաշեմին եւ դրանից հետո «բարեգործական» մեծ ակտիվություն են դրսեւորում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը: Ընտրակաշառքը տարբեր դրսեւորումներ է ունենում` Ձմեռ պապերի եւ Ձյունանուշների երգ ու պար շենքերի բակերում, հյութերով լի տոպրակներ, բժշկական օգնություն, ալեհավաքներ եւ այլն: Գյումրու որոշ թաղամասերում բնակիչներին անվճար ալեհավաքներ բաժանելու լուրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեղի կառույցի պատասխանատուները հերքում են, իսկ ՕԵԿ-ն էլ հյութեր է բաժանում` երեւի Արթուր Բաղդասարյանին պատկանող մայր գործարանի արտադրանքը: «Ի՞նչ է, Հովհաննես Մարգարյանը մանկատա՞ն տեղը չգիտի, ծննդատա՞ն տեղը չգիտի, բայց որեւէ կադր չի ցուցադրվել: Ի՞նչ է, մեր անօթեւաններին առիթ չե՞նք ունեցել բնակարան գնել: Գնե՛լ ենք… Բայց դա մեզ համար սկզբունքային հարց է, որ որեւէ բարեգործություն չպետք է հեռուստացույցով ցուցադրվի»,-ասում է ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը:
Վերոհիշյալ ուժերից յուրաքանչյուրը հարկ է համարում դիմացինին մեղադրել կաշառք բաժանելու մեջ, իսկ իր արածը բնութագրել որպես բարեգործություն: Օրինակ` ՀՀԿ ներկայացուցիչ Բորիս Ալեքսանովը կարծում է, որ այն, ինչ վերջին շրջանում ցուցադրվում է հեռուստաալիքներով` նվերների, բնակարանների բաժանման գործընթաց, թաքնված քարոզարշավ է հիշեցնում: ԲՀԿ-ից էլ արձագանքում են, թե իրենց նախանձում եւ հալածում են: ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի խորհրդական Աղասի Աբրահամյանը չի հերքում, որ պատգամավորը բարեգործություններ արել է, սակայն դա չի կապում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: «Թաքնված հալածանքը միշտ լինելու է, եւ միշտ բարեգործ մարդկանց մասին նախանձով են խոսում»,-շեշտում է Աղասի Աբրահամյանը եւ մատնանշում, որ ՀՀԿ-ն էլ իր հերթին անվճար բուժօգնություն է կազմակերպում Շիրակի մարզում:
«Այս ակցիայի շահառուներ են նա եւ մնացած կուսակցությունների ներկայացուցիչները: Եւ դա ոչ թե կուսակցական շահ է հետապնդում, այլ ընդամենը ժողովրդին օգտակար լինելու նպատակ»,-հակադարձում է ՀՀԿ ներկայացուցիչ, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովը:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում հենց այսպես էլ անցնում են: Ոչ ոք չի խոսում նախընտրական ծրագրերից կամ լուրջ գաղափարներից: Փոխարենն ընտրակաշառք, փոխադարձ մեղադրանքներ, կրիմինալ-օլիգարխիկ ուժերի, թաղային հեղինակությունների մեծ ակտիվություն:
Գյումրի