Տիգրան Սարգսյանը պարտադիր աուդիտը դարձրեց իր «դուքանը». Լ. Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ խորհրդարանն այսօր քննարկում էր «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նշենք, որ այս փոփոխությունը նախատեսում է խոշոր ընկերությունների համար վերացնել պարտադիր աուդիտը:

Նախագծի մասին խոսելիս «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց,  նոր նախագիծը  ապացույցն է այն բանի, որ ներկա իշխանությունը չի առաջնորդվում «սա նպատակահարմա՞ր է, օրինակա՞ն է, թե՞ ոչ» սկզբունքով։

«Այս իշխանությունն առաջնորդվում է մեկ սկզբունքով՝ սա ի՞մն է, թե՞ իմը չէ։ Այսինքն՝ հետևությունները, որոնք պետք է արվեին դեռ Տիգրան Սարգսյանի օրոք, արվում են հիմա, երբ Տիգրան Սարգսյանը չկա։ Դա ցույց է տալիս, որ այս իշխանության համար օրինականությամբ, արդյունավետությամբ առաջնորդվելու չափանիշներ գոյություն չունեն», -հայտարարեց նա:

Զուրաբյանն ընդգծեց՝ խոշոր ձեռնարկությունների համար պարտադիր աուդիտը շատ լուրջ գործիք է, որը գործում է նաև ԵՄ բազմաթիվ երկրներում:

«Բայց ի՞նչ եղավ մեզ մոտ։ Տիգրան Սարգսյանն այդ գործիքը դարձրեց իր «դուքանը»։ Նա այդ պարտադիր աուդիտի ինստիտուտը հաստատեց առանց պատասխանատվության՝ ուղղակի իր մի քանի ընկերների կամ քավոր-սանիկ հարաբերությունների համար ապահովելով շուկա և գումար աշխատելու հնարավորություններ։

Հիմա եկել է մեկ այլ կառավարություն, որն այդտեղ սեփական, անձնական շահ չունի, և միանգամից այդ ինստիտուտը վերանայեցին՝ առանց մտածելու այն մասին, որ վերացվում է իրականում օգտակար պոտենցիալ ինստիտուտ: Անգամ այս վիճակում շատ կարևոր է այս օրենքը պահպանել թեկուզ նրա համար, որ ինչ-որ հակակշիռ լինի մեր տնտեսական դաշտում», – ասաց Զուրաբյանը։

Խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին:

Հիշեցնենք, որ պարտադիր աուդիտը ներդրվել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության նախաձեռնությամբ:




Լրահոս