
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր «Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, թե նպատակահարմար չի համարում խոշոր կազմակերպությունների համար աուդիտի վերացումը: Պատգամավորի խոսքով՝ դա կարող է հանգեցնել հաշվառման և հաշվետվությունների նկատմամբ վերահսկողության բացակայության:
Հիշեցնենք, որ ներկայացված նախագծով առաջարկվում է խոշոր կազմակերպությունների համար վերացնել պարտադիր աուդիտը:
«Սա կարող է ձեռնտու լինել միայն նրանց, ովքեր ցանկանում են, որ ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ վերահսկողություն չլինի: Դրանք կարող են լինել այն կազմակերպությունները, որոնք գործում են ստվերում»,- նշեց նա՝ հավելելով, թե ֆինանսական հաշվետվություններից առաջ աուդիտ անցնելը հնարավորություն է տալիս հասկանալ, թե որքանով է այս կամ այն կազմակերպությունը թափանցիկ աշխատել:
«Պետք չէ վերացնել աուդիտը և ասել, թե հարկային մարմինը ստուգումներ անցկացնում է և չարաշահումներ է բացահայտում: Պետք չէ ասել, թե հարկայինը խախտումներ է բացահայտում և աուդիտ պետք չէ»,- հստակեցրեց Մինասյանը: