ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴԻՑ ԲԱՑԻ՝ ՆԱԵՎ ԳՆՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ

Իշխանություններն աշխատում են իրենց ամենատարրական կարիքներն անգամ հոգալ ոչ թե սեփական գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեի միջոցներից: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս 126 հազար դրամ է ծախսել ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի համար այցեքարտեր պատվիրելու նպատակով: Նշված գումարը, իհարկե, ահռելի չէ, եթե հաշվի առնենք մյուս ծախսերը, բայց հատկանշականն այն է, որ գլխավոր դատախազի այցեքարտն անգամ պատվիրում են պետական բյուջեի միջոցներով` հարկատուներիս հաշվին: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո Գեւորգ Կոստանյանը թանկարժեք G դասի «Մերսեդես» ավտոմեքենա է գնել: Ուշագրավ է նաեւ այն, որ դատախազությունը պետական բյուջեից 50 հազար դրամ էլ ծախսել է Սերժ Սարգսյանի դիմանկարները գնելու համար: Այսինքն՝ Գ. Կոստանյանն իր ու դատախազության աշխատակիցների համար գնել է Ս. Սարգսյանի 100 դիմանկար` յուրաքանչյուրը 500 դրամ արժեքով, որպեսզի 40×50 սմ չափսերով դիմանկարը փակցնեն աշխատասենյակներում:

 

Մինչեւ երեկ քաղաքական որոշ լավատես գործիչներ հրապարակային եւ մասնավոր զրույցներում, այնուամենայնիվ, կասկածում էին, որ Սերժ Սարգսյանը կգնա Վիլնյուս՝ կարծելով, թե 3,5 տարի շարունակ եվրաինտեգրացման ուղին բռնած երկրի առաջնորդը Մաքսային միությանը միանալու որոշում ընդունելուց հետո պարզապես «երես չի ունենա» եվրոպացիների հետ հարաբերվելու: Բայց Ս. Սարգսյանը Վիլնյուսում մասնակցել է Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին եւ այնպիսի պաթոսով խոսել եվրոպական արժեքների մասին, որ դժվար է հասկանալ՝ նա կորցրել է իրականության զգացողությունը, թե պարզապես չի գնահատում իր խոսքի արժեքը: «Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, եւ այդ գործընթացն այլեւս անշրջելի է»,-հայտարարել է Ս. Սարգսյանը: Ու սա այն դեպքում, երբ մեր երկիրը լայն թափով սլանում է դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ նույնիսկ շուտով մտնելու է ռուբլու գոտի:

 

Հայաստանի տնտեսությունը գնալով վատթարանում է. շարունակվում է օտարերկրյա ներդրումների ծավալների նվազումը: 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում իրականացվել է 155.1 մլն դոլարի ներդրում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 62.1 տոկոսով: Հատկանշական է, որ ներդրումները նվազեցրել է նաեւ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն` 20.7 տոկոսով: Սարսափելի անկում է Ֆրանսիայի մասով: Այս երկրի ներդրումները պակասել են 81.6 տոկոսով, ԱՄՆ-ինը` 37.2 տոկոսով եւ այսպես շարունակ: Միակ երկիրը, որն էապես ավելացրել է ուղղակի ներդրումների ծավալները, եղել է օֆշորային գոտի համարվող Վիրջինյան կղզիները` 17.4 տոկոս: Ներդրումները եղել են շենքերի շինարարության եւ կեցության կազմակերպման ոլորտում: Հայաստանյան իրականությունից քիչ թե շատ տեղյակ մարդիկ գիտեն, որ օֆշորային երկրներում իրականում գրանցված են բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ընկերությունները, որոնք լվանալու նպատակով փողերը տանում են օֆշորային գոտի, հետո այնտեղից թվացյալ ներդրումներ անում:

 

ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին պատկանող եւ ՕԵԿ-ական նորաթուխ պատգամավոր Լեւոն Դոխոլյանի (Քույրիկ Լեւոն) կողմից կառավարվող «Հայասի գրուպ» ընկերությունը, չնայած իր ունեցած ծավալների մեծությանը, նույնիսկ 500 խոշոր հարկատուների ցանկում չկա: Բանն այն է, որ այս տարվա առաջին 9 ամիսներին վճարած հարկերի ցուցանիշով «Հայասի»-ն գտնվում է 688-րդ տեղում` 106.7 մլն դրամ հարկով: 2012թ. ցուցանիշներով եղել է 627-րդը` 138.7 մլն դրամով, իսկ 2011թ.` 324-րդը` 249.3 մլն դրամով: Փաստորեն, մեկ տարվա ընթացքում «Հայասի»-ն ուղղակի կիսով չափ կրճատել է ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերը: Նման բան կարող է տեղի ունենալ երկու հիմնական պատճառով. կա՛մ արտադրանքի ծավալները պետք է գնալով նվազեն, կա՛մ էլ գործարանը պարզապես թաքցնի հարկերը: Թե դրանցից որն է «Հայասի»-ի «անկման» պատճառը, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել: Բայց փաստ է, որ նրանց վճարած հարկերը գնալով նվազում են:




Լրահոս