ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎՃՌԱԿԱՆ Է, ԻՍԿ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Դիլիջանում, անդրադառնալով կենսաթոշակային կուտակային նոր համակարգի դեմ ուղղված բողոքներին, հայտարարեց, թե իրենք վճռական են տրամադրված բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու հարցում: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք եւս վճռական են այդ համակարգի դեմ պայքարը շարունակելու հարցում:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ կենսաթոշակային կուտակային նոր համակարգը մշակվել է շուրջ տասը տարի, եւ այդ ընթացքում լավագույն մասնագետների ներգրավվածությամբ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ: «Մենք հաշվի ենք առել մեր ընդդիմախոսների կարծիքները, որի արդյունքում էլ մշակվել է հայեցակարգը: Մենք ցանկանում ենք առաջ գնալ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների պահանջներին համապատասխան: Մենք վճռական ենք մեր բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու հարցում»,-նշեց նա` այդպիսով եւս մեկ անգամ ընդգծելով, որ իրենք զիջումների չեն գնալու:
Ըստ վարչապետի՝ ցանկացած դեմոկրատական հասարակությունում լինում են մարդիկ, որոնք դեմ են այս կամ այն երեւույթին, իրենք ընդամենը կարող են լսել նրանց կարծիքները, բայց անել այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում: Տ. Սարգսյանը վերստին հիշեցրեց ԱՊՊԱ-ի օրինակը՝ նշելով, որ դրա ներդրման ժամանակ էլ էին բողոքում. «Սակայն համակարգի ներդրումից երկու ամիս հետո քաղաքացիների մեծամասնությունը շնորհակալություն հայտնեց համակարգի ներդրման համար: Ցանկացած նորամուծություն, ցանկացած վարքագծի փոփոխություն հանդիպում է այդպիսի ընդդիմության»:
Իսկ լրագրողների հարցին, թե այդ համակարգի կիրառման դեպքում ՏՏ ոլորտի մասնագետները սպառնում են արտագաղթել, հնչեց հետեւյալ պատասխանը. «Սպառնալիքներ մենք ամեն կառավարության նիստի ժամանակ լսում ենք, ուշադրությամբ հետեւում ենք այդ սպառնալիքներին, տեսնում ենք՝ որքանով է դա իրականության հետ առնչվում, ինչ տեսակարար կշիռ է կազմում, իրական պրոբլեմները որոնք են, եւ, բնականաբար, բոլոր այդ սպառնալիքներին մենք արձագանքում ենք»:
«Ժողովուրդ»-ը դիմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին` պարզելու, թե որոնք են լինելու կենսաթոշակային նոր համակարգի դեմ պայքարի հետագա քայլերը` հաշվի առնելով վարչապետի` վճռական լինելու մասին հայտարարությունները: «Մենք այժմ ստորագրություններ ենք հավաքում, որպեսզի երկուշաբթի ԱԺ-ի օրակարգ բերենք նախագիծը եւ արտահերթ քննարկենք: Սահմանադրական բողոքարկման ընթացակարգն ենք նախատեսել ու քաղաքացիական ակտիվությունը քաջալերելու եւ պաշտպանելու շրջանակներում եւ օժանդակությամբ հասնելու ենք նրան, որ կառավարությունը փորձի հետնահանջ իրականացնել»,-նշեց մեր զրուցակիցը:

 ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս