ՍԴՀԿ-Ն ԴԵՌԵՎՍ ՍԿԱՆԴԱԼԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության շուրջ տեւական ժամանակ ծավալվող ինտրիգը երեկ կարծես թե գտավ իր հանգուցալուծումը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին օգնական Նարեկ Գալստյանն ընտրվեց ՍԴՀԿ ատենապետ: Իսկ ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն օրերս հայտարարեց, որ նախկին ՍԴՀԿ-ականները հիմնում են նոր կուսակցություն: Նշվում է նաեւ, որ կուսակցության ղեկավարի տեղակալը լինելու է նախկին ՍԴՀԿ-ական Գուրգեն Եղիազարյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց Գ. Եղիազարյանի հետ` տեղեկությունը ճշտելու համար:

Մինչ այդ նշենք, որ ՍԴՀԿ նորընտիր վարչության նիստում հետեւյալ դիվանային բաժանումն է տեղի ունեցել՝ Նարեկ Գալստյան՝ ատենապետ, Վազգեն Մեսրոպյան՝ փոխատենապետ, Հարություն Բալաբանյան՝ ատենադպիր, Գագիկ Մելիքյան՝ գանձապահ, Դմիտրի Մարտիրոսյան՝ քաղաքական դիվանի պատասխանատու, Արթուր Բարսեղյան՝ ներքին դիվանի պատասխանատու, Վարազդատ Եղիազարյան՝ երիտասարդական դիվանի պատասխանատու, Վոլոդյա Ազատյան՝ շրջանների հետ տարվող աշխատանքների պատասխանատու, Արսեն Կուպելյան՝ ընկերային դիվանի պատասխանատու:
-Պարո՛ն Եղիազարյան, տեղեկություններ կան, որ ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նոր կուսակցություն է ստեղծում, որի փոխնախագահը Դուք եք լինելու:
-Ես որեւէ կապ չունեմ Լյուդմիլա Սարգսյանի ստեղծելիք կուսակցության հետ ու որեւէ տեղեկություն չունեմ այդ կուսակցության մասին:
-Բայց անգամ նշվում է, որ Ձեր հարազատները, այդ թվում եւ Ձեր որդին, ընդգրկված են լինելու այդ կուսակցությունում:
-Որդուս չեմ հարցրել՝ կլինի, թե չի լինի, բայց Դուք ինձ եք հարցնում, ես էլ Ձեզ պատասխանում եմ, որ ես այդ կուսակցությունում չեմ ընդգրկվելու եւ որեւէ կապ չունեմ դրա հետ: Չգիտեմ՝ ում ցանկությունն է, որ նման տեղեկություններ են տարածում, բայց որ դա իրականությանը չի համապատասխանում, արդեն ասացի:
-Դուք Լ. Սարգսյանի՞ կողմից ստեղծվելիք կուսակցության անդամ չեք ուզում լինել, թե՞ ընդհանրապես ցանկություն չունեք ընդգրկվել որեւէ կուսակցությունում:
-Ես ի՞նչ գործ ունեմ՝ լինեմ Լ. Սարգսյանի կուսակցության անդամը: Ես ՍԴՀԿ-ից դուրս եմ եկել… արդեն 5 ամիս է՝ ես այդ կուսակցության անդամ չեմ: Ես որեւէ կապ չունեմ այդ կուսակցության ստեղծման հետ, եթե կուսակցություն ստեղծեմ, կլինեմ առաջին դեմք, էլ ինչի՞ համար եմ լինում կուսակցության երկրորդ դեմքը, էլ գործ չունեմ, հա՞ (ծիծաղում է-Ս. Գ.):
-Բայց ժամանակին Դուք եւ Լ. Սարգսյանը միասին էիք ղեկավարում այդ կուսակցությունը…
-Ես այդ կուսակցությունում մնացել եմ միայն այն բանի համար, որ ընդդիմություն էինք, որ ՀԱԿ-ի կազմի մեջ էինք, որպեսզի այդ կուսակցության գլուխը չուտեին: Խնդիրներ առաջացան, եւ ես դուրս եմ եկել: Ես ինձ համար կառույց կստեղծեմ, ես հասարակական կազմակերպություն եմ ստեղծելու, որի մասին առաջիկայում կտեղեկացնեմ:
-Նշեցիք, որ ՍԴՀԿ-ում մնացել էիք միայն այն բանի համար, որ կուսակցությունը «չքանդեն»: Բայց, փաստորեն, այսօր այն հիմնովին «քանդվեց», ու դրա հիմնական եւ գլխավոր մեղավորը համարում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Համաձա՞յն եք այդ տեսակետին:
-Եթե անկեղծ, ապա ես ընդհանրապես չեմ ցանկանում դրա մասին խոսել: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ես այդ կուսակցությունում հանդես գամ, ասեմ, որ դրանից եփած հավի ծիծաղն է գալիս:

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՍԴՀԿ նոր ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:

-Պարո՛ն Գալստյան, Ձեր նախկին կուսակցական ընկերներից ոմանք պնդում են, որ ՍԴՀԿ-ի «քանդման» հեղինակը Տիգրան Սարգսյանն է. նա ցանկանում էր, որ ատենապետի պաշտոնը զբաղեցներ իր համար ավելի «ընդունելի» մարդ: Դուք համամի՞տ եք:
-Ես ընտրվել եմ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության վարչության ատենապետ շուրջ մեկ շաբաթ տեւած համագումարի միջոցով եւ վարչության ընկերների ցանկությամբ ու կամքով: Որեւիցե միջամտություն, բացի կուսակցական ընկերների ցանկությունից, չի եղել, մնացած կարգի խոսակցությունները շահարկումների դաշտից են: Կուսակցությունը չի քանդվել ու չի քանդվելու:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս