ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱ

«Ազատության» փոխանցմամբ՝ ռուսական բանակի հայաստանյան բազայում զինծառայողների ռոտացիա է տեղի ունենում: Ավելի քան 1600 զինծառայողներ ուղարկվել են Վոլգոգրադի եւ Բուդյոնովսկի զորամասեր, որտեղից էլ զորացրվելու են: Նրանց փոխարեն արդեն իսկ իրականացված ավելի քան 20 ավիաչվերթերով Երեւան եւ Գյումրի են ժամանել 2 հազարից ավելի նորակոչիկներ՝ շարքայիններ եւ սերժանտներ: Զինծառայողների ռոտացիայի արդյունքում Հայաստանում տեղակայված ռազմաբազայում ծառայողների քանակը չի փոխվելու:

ԻՐ ԱՇԽԱՏՈՂԻՆ` ՈՒՐԻՇԸ

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ ՀՀ նախագահին է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նոր անդամի թեկնածությունը՝ առաջարկելով նշված հանձնաժողովում նշանակել ՀՀ նախագահի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանին: Էթիկայի հանձնաժողովում թափուր տեղ էր առաջացել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 17-ին հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը նշանակվել էր գլխավոր դատախազի տեղակալ: Նկատենք, որ բավականին զավեշտալի է այն իրողությունը, որ Ս. Սարգսյանի ռեֆերենտի թեկնածությունն առաջարկում է ՎԴ նախագահը:

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ ԿՈՐՈՇՎԻ

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը 1in.am-ին ասել է, որ այսուհետ վիճակահանության միջոցով է որոշվելու զինվորական ծառայության վայրը, եւ դա իրականացվելու է թափանցիկ: «Ծնողները հնարավորություն են ունենալու հետեւել նաեւ այդ գործընթացին, եւ ուզում եմ հույս հայտնել, որ իրականում մենք, զորակոչի անցկացման հետ կապված, խնդիրներ չենք ունենա»,-հավաստիացրել է նա: Այսպիսով, փաստորեն, գրեթե անհնար է դառնալու «փողով լավ տեղ» ծառայության ուղարկելը: Հանրապետական զորակոչային հանձնաժողովը, զինվորական կառավարման բոլոր մարմինները պատրաստ են դեկտեմբերի 1-ից զորակոչը սկսել:

ԵՐԹ` ԸՆԴԴԵՄ ՄՄ-Ի

Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության դեմ հանդես եկող «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնությունը դեկտեմբերի 2-ին՝ ժամը 13:00-ին, կազմակերպում է երթ` Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-նախագահական նստավայր ուղղությամբ: Նախաձեռնող խմբի կազմում են նաեւ «Ազատ դեմոկրատներ», «Ազգային ինքնորոշում միավորում», «Երրորդ հանրապետություն», «Ժառանգություն», «Հայազն» կուսակցությունների անդամներ, «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ», «Իրավունքի եւ ժողովրդավարության զարգացման ինստիտուտ», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն», «Քաղաքացիական գիտակցություն» եւ բազմաթիվ այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը», «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խմբի եւ այլ նախաձեռնությունների ներկայացուցիչներ:




Լրահոս