ՔԱՆԴՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարվա դեկտեմբերին, երբ Տավուշի մարզում ձմեռային  ցուրտ  եղանակ էր, պետական բյուջեից ֆինանսավորվող համայնքային հրատապ ծրագրերի շրջանակներում Իջեւան քաղաքի Ասլանյան փողոցում, Նոյեմբերյանում, Կողբում ասֆալտապատման աշխատանքներ էին կատարվում: Հայտնի է, որ ասֆալտապատման համար առնվազն 10-15 աստիճան տաքություն է պետք, որն այդ ժամանակ չկար: Այս տարի կերեւա, թե «նորակառույց» ասֆալտն ինչպես է դիմանալու ամառվա շոգին: Մինչ կառավարությունը 4 տարին մեկ` համապետական ընտրությունների շեմին, տարեվերջին պետբյուջեից միջոցներ է ուղղում համայնքների խնդիրների լուծմանը, համապետական նշանակության խնդիրները մնում են  չլուծված: 2011թ. հոկտեմբերի 2-ին Այրում քաղաքի մոտ սողանքից փլվեց Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մոտ 500 մետրանոց հատված: Երեքուկես ամիս է անցել, սակայն սողանքի գոտում ճանապարհի վերականգնման աշխատանքներ չեն արվել: Ինչո՞ւ: Եթե ձմեռը հարմար չէ ճանապարհաշինական աշխատանքներ կատարելու համար, ապա ինչպե՞ս է տարվա այդ եղանակին պետբյուջեի գումարներով Տավուշի մարզի համայնքներում ասֆալտապատում  կատարվել:
Մինչ Այրումի մոտ միջպետական ճանապարհը քանդված է մնում, Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները քանդել ու շարունակում են քանդել 10 տարի առաջ «Լինսի» հիմնադրամի միջոցներով, «Դորոժնիկ» ՍՊԸ-ի կողմից  կառուցված Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ, 11 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որի  ոչ որակյալ ասֆալտի շերտը մոտ 20 տեղ «ֆուռերի» բեռի ճնշումից ձեւախախտվել, ներս է ընկել: Մեր տեղեկություններով` Կիրանց-Ոսկեպար ճանապարհի շահագործումն ու պահպանումն իրականացնող Նոյեմբերյանի «Լեւոն Երկրորդ»  ճանապարհաշինական ընկերությունը նամակ է ուղարկել կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանին եւ տեղեկացրել միջպետական ճանապարհի այդ հատվածում ստեղծված մտահոգիչ իրավիճակի մասին:
Նշենք նաեւ, որ Այրումի սողանքի գոտով էր ձգվում  Նոյեմբերյանի տարածաշրջանի 6 համայնքների 1080 հա հողատարածքները ոռոգող ինքնահոս ջրագծի խողովակը: Սողանքի հետեւանքով այդ ջրագիծը եւս շարքից դուրս է եկել: Պարզ է, որ ջրագծի վնասված հատվածի վերականգնումը պետք է կատարվի ճանապարհի վերականգնման հետ զուգահեռ: Սակայն հարց է` արդյո՞ք մինչեւ ապրիլի 15-ը` ոռոգման սեզոնի սկիզբը, վերականգնված կլինի միջպետական ճանապարհը: Մեր տեղեկություններով` արդեն հայտարարություն է տրվել Այրումի սողանքի գոտում ճանապարհի վերականգնման համար շինարարական կազմակերպության մրցույթի մասին, շինարարական աշխատանքները պետք է մեկնարկեն փետրվարին:  Սակայն գարնանը, երբ սկսվեն անձրեւները, խիստ դժվար կլինի սողանքի գոտուց հարյուր հազարավոր խորանարդ մետր կավի հեռացումը: Ուստի հարկ էր ձմռան ամիսներին գոնե մաքրել փլուզված ճանապարհի տարածքը, որ գարնան սակավաթիվ «չոր» օրերին  կատարվի  Հայաստան երկրի համար հիրավի կենսական նշանակություն ունեցող ճանապարհահատվածի կառուցապատումը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս