«ՊՈՒՏԻՆՅԱՆ» ՇԱՐՔԻՑ
«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ժիրայր Սէֆիլյանն անընդունելի է համարում Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ՝ Հայաստանում կազմակերպվելիք հնարավոր բողոքի ակցիաները: «Ճիշտ ենք համարում մեր խնդիրը մեր ներսում լուծել: Որեւէ կայսրության ներկայացուցչից պահանջելու, տխրելու, նեղանալու խնդիր չենք տեսնում»,-երեկ` լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ժ. Սէֆիլյանը:
«Միանշանակ համամիտ չեմ,-արձագանքելով Սէֆիլյանի դիտարկմանը՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու հավելեց,-երբ կա ակնհայտ վտանգ երկրի անկախության դեմ, մնացած խնդիրները խամրում են: Դեկտեմբերի ակցիան ընդդեմ Պուտինի չէ, այլ Սերժ Սարգսյանին եւ Պուտինին ցույց տալու համար է, որ Ս. Սարգսյանի որոշումը միայն իր որոշումն է, ոչ ՀՀ քաղաքացիների, ինչպես նաեւ չենք ընդունում Մաքսային միություն կոչվածը»: Սաքունցը, այդուհանդերձ, դժվարացավ կարծիք հայտնել, թե ինչն է դրդել Սէֆիլյանին նման դիրքորոշման:
17,500 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
15 օրվա ընթացքում շուրջ 17,500 մարդ է ստորագրել ընդդեմ գազի եւ էլեկտրաէներգիայի գների թանկացման: «Եկե՛ք կանխենք գազի գնի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը նոյեմբերի 15-ից սկսված ստորագրահավաքի արդյունքում մտադիր է հավաքել նվազագույնը 30,000 ստորագրություն, որպեսզի դատարանը ժողովրդին ընդունի որպես 3-րդ կողմ՝ սիմվոլիկ իմաստով:
«Մարզերում եւս մեկնարկելու է այս ակցիան. շաբաթ եւ կիրակի օրերին Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում մեր ակտիվիստներն իրականացնելու են ստորագրահավաք, իսկ, օրինակ, Տավուշից, Վայոց Ձորից, Արմավիրից մեզ արդեն ստորագրված թերթիկներն են ուղարկում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության ակտիվիստ Անի Կաղինյանը: Նրա խոսքով՝ իրենց նպատակն է ընդգծել, որ ժողովրդի ձայնն ու համախմբվածությունը լուրջ ուժ են: Ստորագրահավաքը շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 7-ը: