ՀԵՐՔՈՒՄ Է ՀԲ ՏՎՅԱԼՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային բանկի` օրերս հրապարակած զեկույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսությունն ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արեւելյան Եվրոպայի երկրների շարքում: Ըստ այդ զեկույցի՝ ՀՀ տնտեսության մոտ 20%-ը մենաշնորհային է, իսկ օլիգոպոլիաների հետ միասին մոնոպոլիաները վերահսկում են Հայաստանի տնտեսության շուրջ 60 տոկոսը: Սակայն Համաշխարհային բանկի կողմից հրապարակված զեկույցում հնչեցված գնահատականների հետ համաձայն չէ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Երեկ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հանձնաժողովին չի տրամադրվել զեկույցը, եւ այն իրենց հետ չի քննարկվել:

«Բայց նշեմ, որ այս զեկույցում կան որոշման կետ, դատողություններ, որոնց հետ մենք համաձայն չենք: Համաշխարհային բանկի մասնագետները նշում են, որ Հայաստանի տնտեսության մոնոպոլացման աստիճանը բարձր է համեմատած ԱՊՀ մյուս երկրների հետ: Մենք համամիտ չենք, քանի որ այն ուսումնասիրություններում, որոնց հիման վրա իրականացվել են այդպիսի եզրահանգումներ, կան մեթոդաբանական որոշակի խնդիրներ»,-ներկայացրեց Շաբոյանը:
Նրա խոսքով՝ ՀԲ մասնագետներն ուսումնասիրել են մեր տնտեսության 30 տարբեր ոլորտներ եւ դրանցում առկա մրցակցային վիճակը: Եվ համաձայն ներկայացված զեկույցի՝ այդ 30 ոլորտներից 16-ում կենտրոնացվածության աստիճանը խիստ ցածր է: Այսինքն՝ դա նշանակում է, որ այդ ոլորտներում գործունեություն են իրականացնում բազմաթիվ տնտեսվարողներ, եւ մրցակցության աստիճանն այդ 16-ում բավական բարձր է: Այդ ոլորտներն են՝ սննդարդյունաբերությունը, թեթեւ արդյունաբերությունը, դեղագործությունը, մանրածախ առեւտուրը, շինարարությունը եւ այլն, որոնք մեր տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեն:
Նշենք, որ սրան զուգահեռ ՀԲ մասնագետներն ուսումնասիրել են նաեւ մի քանի ոլորտներ, որտեղ տնտեսվարողների թիվը սահմանափակ է: Այդ ոլորտներն են՝ բնական մենաշնորհները, օրինակ՝ էլեկտրաէներգետիկան, գազը: «Այսինքն՝ սրանք այնպիսի ոլորտներ են, որոնք խստորեն կարգավորվում են պետության կողմից եւ լիցենզավորված գործունեություն են իրականացնում: Օրինակ՝ հեռահաղորդակցության ոլորտը»,-ընդգծեց Շաբոյանը: Նաեւ զեկույցում նշվում են ոլորտներ, որտեղ օբյեկտիվորեն տնտեսվարողների թիվը պետք է սահմանափակ լինի, որովհետեւ այդ ոլորտներում հսկայածավալ միջոցներ են պահանջվում, օրինակ՝ հանքարդյունաբերությունը:
Սակայն ՏՄՊՊՀ նախագահ Շաբոյանի կարծիքով՝ սրանք այն ոլորտներն են, որտեղ ավելի մեծ արժեք է ստեղծվում, եւ այս ոլորտներն ավելի մեծ կշիռ ունեն տնտեսության ծավալներում: «Դրանց ստեղծած արժեքը համադրել տնտեսության ծավալների հետ եւ դրա հիման վրա եզրահանգում կատարել կենտրոնացվածության աստիճանի վերաբերյալ ճիշտ չէ»,-եզրափակեց Ա. Շաբոյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս