ՓԵՍԱ ՄԻՆԱՍՅԱՆԸ «ԹԱԼԱՆՉԻ ԲԱՐՈՆՆԵՐԻ» ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի հերթական բացահայտումը վերաբերում է ամերիկյան դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյաների եւ ՀՀ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ներկայացուցիչների` 2008թ. փետրվարի 26-ի երեկոյան տեղի ունեցած հանդիպմանը: Տվյալ փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Զեկուցագիրը նշում է, որ հանդիպմանը Սերժ Սարգսյանին ներկայացնում էին ներկայումս Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը: Դիվանագետի հեղինակած փաստաթղթում ամփոփված են Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ուշագրավ մեկնաբանություններն օլիգարխների եւ անպատժելիության վերացման անհրաժեշտության շուրջ:

Ջ. Փենինգտոնը, ներկայացնելով հանդիպման մանրամասները, մեջբերում է Մ. Մինասյանի այն պնդումը, թե Ս. Սարգսյանն իրենից կախված ամեն ինչ արել է ընտրական արդար ու թափանցիկ գործընթացի իրականացման եւ հետընտրական հանդարտ վիճակ ստեղծելու համար, բայց «Քոչարյանն ուժեղ նախագահ է» եւ դեռ կարող վիճակում է: Մինասյանը հայտնել է, որ նման պայմաններում Ս. Սարգսյանի ազդեցությունը Քոչարյանի վրա սահմանափակ է: Ակնհայտ է, որ այդ կերպ Ս. Սարգսյանի մերձավորներն իշխանությունների բոլոր քայլերի պատասխանատվությունն ուղղակի փորձել են դնել Քոչարյանի վրա: Իրենց առանձին լույսի ներքո ներկայացնելով՝ Մինասյանը հայտնել է. «Իրականում, մեր տեսած բոլոր խնդիրները հիմնականում եղել են օլիգարխների ձեռքի գործը, ովքեր դեռ ինքնուրույն գործոն են»: ԱՄՆ դիվանագետը մեկնաբանությունների բաժնում ակնհայտորեն կիսում է Մ. Մինասյանի ներկայացրած տեսակետը՝ նկատելով. «Օլիգարխները շարունակում են տառապել հին մտածողությամբ, ըստ որի՝ ընտրության օրն իրենք վարվելու են իրենց ուզածի պես: Սա սխալ մոտեցում է՝ մասամբ վարչապետին (Ս. Սարգսյանին-հեղ.) օգնելու ցանկությունից դրդված եւ մասամբ էլ իրենց անձնական եսասիրական կարիքներից ելնելով, որ ցույց տան, թե ով է հարեւանության մեջ շեֆը»:
Իրավիճակի մեղքը բարդելով օլիգարխների վրա՝ Մ. Մինասյանը պնդում է, թե պաշտոնը ստանձնելուց հետո Ս. Սարգսյանը մտադիր է օրենքի գերակայություն հաստատել եւ վերջ տալ այդ մարդկանց (օլիգարխների-հեղ.) անպատժելիությանը: Այդ համատեքստում Մինասյանն ավելացրել է, թե բավական բարդ կլինի նման մարդկանց հետ այդ կերպ վարվելը, եթե Սարգսյանը հնարավոր քաղաքական ճգնաժամում ստիպված լինի հույսը դնել հենց նրանց վրա: Ուստիեւ խնդիրները կարգավորելու համար հարկավոր է, որ ԱՄՆ-ը շտապի իր աջակցությունը հայտնել Ս. Սարգսյանին, որպեսզի հետո վերջինս կարողանա ամուր դիրքերում լուծել օլիգարխիայի խնդիրը: Այդժամ Մինասյանը հիշել է «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ, հանդիպմանը ներկա Լեւոն Մարտիրոսյանին՝ նրան բնութագրելով որպես երիտասարդ սերնդի կրթված ներկայացուցիչ, արեւմտյան մտածողությամբ մարդ, ում նմանները բարձր դիրքեր են զբաղեցնում իշխանության մեջ: «Ո՞ւմ եք ուզում, որ Ս. Սարգսյանը պարտական լինի՝ հին թալանչի բարոնների՞ն, թե՞ այս երիտասարդ սերնդին»,-հարցադրում է արել Մինասյանը: Հարկ է ընդգծել, որ նման պատասխանատու հայտարարություններում Մինասյանը բավական անզգույշ է գտնվել:
Առաջին հերթին հիշենք, որ 2008թ. հետո իշխանական քարոզչությունը ծածանում էր «չար օլիգարխներ, բարի Սարգսյան» կարգախոսը՝ նպատակ ունենալով արտաքին ֆոն ստեղծել, թե իբր երկրի ծանր դրության մեղավորը վերոհիշյալ «թալանչի բարոններն» են: Իրականում, սակայն, նշյալ ծրագիրը ոչ մի հաջողություն չունեցավ լիովին սնանկ եւ մտացածին լինելու պատճառով: Բացի այս՝ Մինասյանի խոսքերից եզրակացնում ենք, որ Քոչարյանի օրոք, երբ Ս. Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ ամենաբարձր պաշտոնները (այդ թվում՝ ԱԱԾ պետ, պաշտպանության նախարար, վարչապետ), երկրում տերուտիրական էին թալանչիներն ու օլիգարխները, ովքեր ընտրությունների ժամանակ անարգում էին օրենքն ու անպատժելի մնում: Բայց չէ՞ որ Սարգսյանը հենց այդ թիմի կողմից էր առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու եւ հենց նրանց աջակցությամբ ընտրություններում ստացել ձայների «մեծամասնությունը»:
Մինասյանի հաջորդ անակնկալը «դրսից տղա» բերելու փորձն է: Այս հանդիպման ժամանակ, փաստորեն, նա համոզում է ամերիկացիներին շնորհավորել Սարգսյանին, որպեսզի վերջինս ստիպված չլինի հույսը դնել «հին թալանչիների» վրա, այլ ապավինի «ոսկե երիտասարդությանը»: Մի կողմ թողնենք այն, որ իշխանությունները մշտապես ընդդիմությանն են մեղադրել օտարներին ՀՀ ներքին գործերին մասնակից դարձնելու փորձերի մեջ: Այստեղ շատ ավելի կարեւոր է արձանագրել, որ Մինասյանի փորձերը տապալվել են, քանզի ԱՄՆ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ չի շնորհավորել Ս. Սարգսյանին՝ 2008թ. նախագահական ընտրություններում «հաղթելու» առթիվ: Ի դեպ, հաշվի առնելով, որ անցած 6 տարիներին վերջինս այդպես էլ չկարողացավ օրենքի գերակայություն հաստատել երկրում եւ պատժել «թալանչիներին», մնում է արձանագրել, որ իր պաշտոնավարման օրոք Ս. Սարգսյանի ապավենը միշտ էլ եղել է «հին ու թալանչի բարոնությունը»: Իսկ արդյոք այդ պատճառով նա գերադասեց Վատիկանում ՀՀ դեսպանի պաշտոնը:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս