ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵ՞Լ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2013» զեկույցը, որի համաձայն՝ 2012թ. Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմել է 32.4, իսկ ծայրահեղ աղքատներինը` 2.8 տոկոս: Այս ցուցանիշներին զուգահեռ` երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում նկատվում է համընդհանուր թանկացում: Եվ ահա նման պայմաններում եւ նման ցուցանիշներով էլ մեր հայրենակիցները պատրաստվում են մուտք գործել 2014թ.:

Ուշագրավ է, որ 2011թ. աղքատության ցուցանիշը կազմել է ավելի բարձր` 35, իսկ ծայրահեղ աղքատների թիվը` 3.7 տոկոս: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում այն նվազել է: Մասնագետները, սակայն, համոզված են, որ սա իշխանությունների հերթական թվային մանիպուլյացիաների արդյունք է: Բանն այն է, որ աղքատության ցուցանիշը հաշվել են ըստ սպառողական զամբյուղի` 2 հազար 232 կիլոկալորիա, որը 2.6 տոկոսով քիչ է նախորդ տարվա հաշվարկային միավորից: Մինչդեռ նկատենք, որ Սերժ Սարգսյանի նախագահության եւ Տիգրան Սարգսյանի վարչապետության առաջին ամիսներին ՀՀ-ում աղքատությունը 27.6, իսկ ծայրահեղ աղքատությունը` 1.6 տոկոս էր: Այսինքն՝ այս 5 տարիների ընթացքում ե՛ւ աղքատների, ե՛ւ ծայրահեղ աղքատների թիվը շեշտակի աճել է:
ԱՎԾ-ի տվյալներով՝ 2013թ. հոկտեմբերին 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գները Հայաստանում 7.1 տոկոսով աճել են, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 6.3 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 3.9 տոկոսով, ծառայությունների սակագներինը` 10.3 տոկոսով: Իսկ հունվար-հոկտեմբերին 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է համապատասխանաբար 105.7, 106.0, 104.8 եւ 105.6 տոկոս: Ըստ ԱՎԾ-ի` 2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.3 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 1.4 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3 տոկոս նվազում: 2013թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 0.03 տոկոս միջին ամսական նվազում):
Ի դեպ, հանրապետության 10 դիտարկվող քաղաքներում 2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.4 տոկոսով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում), իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.2%-ով:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով՝ մթերքի համընդհանուր թանկացումն անմիջական կապ ունի գալիք Ամանորի հետ: Նրա խոսքով՝ այս օրերին շեշտակի բարձրացել է ընկույզի գինը` 5000 դրամից դառնալով 8-9 հազար դրամ. «Կուզեի սխալված լինել, բայց գտնում եմ, որ միսն էլ կթանկանա: Հիմա մարդիկ անասնակերի թանկացման պատճառով մորթում են իրենց անասունները: Ամեն դեպքում, Ամանորին սպասվում է նաեւ մսամթերքի թանկացում»: Պողոսյանն ընդգծեց, որ այս շրջանում ոչ մի պաշտոնյայի խոստում իրեն վստահություն չի ներշնչում, քանի նրանք անվերջ խոստանում են, որ թանկացումներ չեն լինելու, սակայն ստացվում է հակառակը:
«Ժողովուրդ»-ը շրջայց կատարեց երեւանյան խանութներում ու սուպերմարկետներում եւ արձանագրեց, որ այս շրջանում հիմնականում թանկացել են միրգը, ընդեղենը, ալկոհոլային խմիչքը, պանրի որոշ տեսակներ: «Մեր հանրապետության 10-12 տոկոս բնակչությանն ամենեւին էլ չեն հետաքրքրում այսօրվա թանկացումները, բայց ինչպե՞ս վարվի բնակչության մնացած 88 տոկոսը: Ո՞վ է մտածում նրանց մասին»,-զայրացած հարցրեց Պողոսյանը:
Փորձագետների եւ տնտեսագետների գերակշիռ մասը պնդում է, որ ՀՀ-ում գնաճը մեծ չափով պայմանավորված է մեր տնտեսության մոնոպոլ կառուցվածքով: Բացի այս՝ նրանք համոզված են, որ ապրանքատեսակների գների բարձրացման վրա մեծ ազդեցություն ունեցավ նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերջին բարձրացումը: Արդյունքում՝ մենք ավելի թանկ ենք վճարում առաջնային ապրանքատեսակների ձեռքբերման համար, քան մինչ այդ թանկացումները:
Իսկ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համոզմամբ՝ թանկացման ընդհանուր միտումը պայմանավորված է պահանջարկով. «Այն դեռ կպահպանվի: Որքան էլ մենք չցանկանանք, բայց այս տոների կապակցությամբ պահանջարկն ավելանում է, իսկ ապրանքային ծավալը մեծ չափերի չի հասնում: Նաեւ իրացնողները կնպաստեն դրան. կստեղծեն որոշակի վիճակ` ավելի թանկ իրացնելու համար»:
Մեր զրուցակցի խոսքով՝ այս խնդիրը գոնե փոքր-ինչ մեղմելու համար նախ պետք է կառավարման որակը բարձր մակարդակի վրա պահել. «Նման բարձիթողի վիճակում այլ տարբերակ չի մնում, եթե ոչ այսպիսի բացասական զարգացումները: Կենտրոնական բանկը կառավարության հետ համատեղ պետք է կոորդինացված քաղաքականություն իրականացնի, բայց նշեմ, որ, ամենայն հավանականությամբ, մինչ օրս մեր երկրում նման բան չկա, ինչով էլ պայմանավորված են այս բացասական երեւույթները»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս