«ԱԼՊԻՆԻՍՏՆԵՐԸ»
Նոյեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Ալպինիստները» արկածային մարտաֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է ռուսական «Berg Sound» փրոդաքշնի պատվերով եւ նախատեսված է ռուսական շուկայի համար: Ռեժիսորը Կամերային թատրոնի բեմադրիչ Արշո Հարությունյանն է: «Ալպինիստներ»-ում նկարահանվել են հիմնականում ռուս դերասաններ: Լեռներում նկարահանված մարտաֆիլմը բավական աշխատատար է եղել, նկարահանումները տեւել են 22 օր, որոնց ժամանակ դերասաններին ուղեկցել են լեռնագնացներ` դժվարությունները հաղթահարելու համար: Նշենք, որ այս ֆիլմում նկարահանվել են նաեւ Երվանդ Ենգիբարյանն ու Արսեն Առաքելյանը, որոնք, ցավոք, չապրեցին մինչեւ ֆիլմի պրեմիերան:
ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԴԻՄԱՀԱՐԴԱՐԸ
Ռուս դիմահարդար Վալերյա Կուտսանը լուսանկարիչ Ալեքսանդր Խոխլովի հետ համագործակցության շրջանակներում ներկայացրել է ուշագրավ մի նախագիծ. նա մոդելների դեմքերին վերարտադրել է ճանաչված նկարիչների աշխատանքները: Ինչպես նշում է The Telegraph-ը, յուրահատուկ մեթոդով վերարտադրված կտավների շարքում է վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա»-ն, ինչպես նաեւ 20-րդ դարի ճանաչված նկարիչ Էնդի Ուորհոլի աշխատանքներից մեկը: Մոդելներից յուրաքանչյուրին դիմահարդարելու համար Կուտսանից պահանջվել է միջինը 4 ժամ, մինչդեռ լուսանկարչի աշխատանքը շատ ավելի ժամանակատար է եղել: Նա ամեն լուսանկարի մշակման վրա աշխատել է 5 օր:
ԲԱՐԵԳՈՐԾ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ
Հայտնիները շարունակում են աջակցություն ցուցաբերել Ֆիլիպիններում «Հայան» թայֆունից տուժածներին: Այս անգամ իր բարեհոգությունն է արտահայտել ամերիկացի ճանաչված երգչուհի Ռիհաննան՝ նվիրաբերելով 100 հազ. դոլար: Նա գումարը փոխանցել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (UNICEF)` միաժամանակ իր երկրպագուներին եւ գործընկերներին օգնության կոչ անելով. «Ֆիլիպիններում ավելի քան 5 մլն երեխա մեր օգնության կարիքն ունի: Ներկայում նրանց աջակիցը UNICEF-ն է, ես՝ նույնպես»:
Ռիհաննան միացել է Վիկտորյա եւ Դեւիդ Բեքհեմներին, ովքեր վերջերս Անգլիայում բարեգործական ակցիա էին կազմակերպել՝ հագուստի հավաքածուներից մեկի վաճառքից ստացված գումարը տրամադրելով տուժածներին: Հիշեցնենք, որ Ֆիլիպիններում նոյեմբերի 8-ին մոլեգնած հզոր փոթորիկը լուրջ ավերածություններ էր գործել: Բնության աղետի զոհ էր դարձել ավելի քան 5 մարդ, 12 հազարը՝ վիրավորվել, շուրջ 160 հազար ընտանիք էլ՝ մնացել առանց տանիքի: