ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է փոփոխվում նախկինում պետական կամ համայնքային սեփականության հողերից կառուցապատման նպատակով վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրված հողամասերի կարգավիճակը:
Մուշեղ Մխիթարյան (41 տարեկան, ինժեներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած եւ այդ իրավունքները գրանցած իրավաբանական եւ ֆիզիկական անձանց` ներառյալ ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով ձեռք բերված (բացառությամբ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի), օրենքի ուժով, սեփականության իրավունքով փոխանցվում են`
1) տնամերձ, այգեգործական, ինչպես նաեւ բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար հատկացված հողամասերը,
2) հասարակական եւ արտադրական օբյեկտների կառուցման եւ սպասարկման համար նախատեսված եւ սահմանված կարգով կառուցված, այդ թվում կիսակառույց շենքերով, շինություններով զբաղեցված հողամասերը` անկախ շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանից:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` 2008թ. իրականացվում է անհատական բնակելի տների, դրանց կից հողամասերի եւ դրանցում կառուցված ինքնակամ բնակելի տների ու օժանդակ շինությունների անհատույց օրինականացման կարգը, որի շրջանակում մայրաքաղաքում արդեն իսկ օրինականացվել են շուրջ 10,000 բնակելի տուն, ինքնակամ զբաղեցված հողամաս:
ՏՈՒՅԺ
ՀԱՐՑ. Եթե վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների եւ դրանց հավասարեցված եկամուտների մասին տեղեկությունը տնօրենը չի ներկայացրել համապատասխան կառույց, ապա այդ դեպքում գործատուն տուգանք վճարո՞ւմ է, թե՞ ոչ:
Ալինա Մարկոսյան (52 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաեւ ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 30 մայիսի 2005թ. ««Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման եւ վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 1-05/05-Ն հրամանի հաստատված հրահանգի 23-րդ կետի դրույթներով: Ըստ այդմ, եթե օրենքներով եւ ՀՀ միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմին վերը նշված հրահանգի հավելված 2-ով սահմանված ձեւով տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների եւ դրանց հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք՝ լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25,000 դրամի չափով:
ՀՀ հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելի նախընտրելի է` գործատուն կարգավորի բոլոր փաստաթղթերն ու կատարի անհրաժեշտ սոցվճարները: Հակառակ դեպքում նա ստիպված կլինի պետությանը փոխանցել ավելի մեծ գումար, քան նախքան այդ պետք է վճարեր: