Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ արգելակող «Ժիգուլի՞». Ն. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վերջին տարիների արտաքին քաղաքականությունը «Ժիգուլիի»` սառույցի վրա կտրուկ արգելակման է նման. Մեքենան անկայուն եւ անկառավարելի է դառնում: Այս մասին մայիսի 14-ին Ուկրաինայի շուրջ վերջին գործընթացների եւ Հայաստանի` ՄՄ-ին անդամակցման մասին որոշման ընդլայնված համատեքստում «Հայաստանը գեոքաղաքական խաչմերուկում. այլընտրանքների ուսումնասիրություն» վերտառությամբ քննարկումների ընթացքում հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, առաջին բանը, որ այդ իրավիճակում պետք է անել՝ կանգ առնելն է: Հետո պետք է տեղի ունեցածի պատճառները հասկանալ եւ համապատասխան ռազմավարություն մշակել` հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար:

«Կարծում եմ` Հայաստանը հիմա պետք է կանգ առնի, արտաքին քաղաքականության մեջ իր զբաղեցրած կոորդինատները որոշի եւ վերջապես` այդ քաղաքականության առաջնայնությունները հասկանա: Որպես մեկ առաջնայնություն կարելի է հետեւյալը ձեւակերպել` արտաքին քաղաքականության կախվածության հավասրակշռմանն ուղղված ռազմավարության մշակում», – նշել է Փաշինյանը` ընդգծելով, որ այդ տեսանկյունից երկու նորություն կա` լավ եւ ոչ այնքան լավ:

Առաջին նորությունը, նրա համոզմամբ, այն է, որ նման ռազմավարության մշակումը տեսականորեն հնարավոր է, իսկ երկրորդը`վատը` որ Հայաստանը մի քանի գեոքաղաքական թակարդների միջեւ է գտնվում:

«Եվ այստեղ կտրուկ շարժումները  կարող են լուրջ վնաս հասցնել երկրի ռազմավարական շահերին», – ընդգծել է խորհրդարանականը:




Լրահոս