ԵՄ-ն դեռ չի տեսնում Հայաստանի հետ համագործակցության կարմիր գիծը. Ն. Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած երկօրյա այցի կարևորության մասին armlur.am-ը զրուցեց Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ:

– Տիկին Զոհրաբյան, Մաքսային Միությանն անդամագրվելու ուղին բռնած Հայաստանի համար ի՞նչ կարևորություն էր ներկայացնում Ֆրանսիայի նախագահի այցը:

– Եվրամիության երկրների մեջ մեր ռազմավարական բարեկամ երկիր կհամարեմ Ֆրանսիան և այս առումով, իհարկե ռազմավարական բարեկամությունը պահպանելու համար` անկախ նրանից, թե Հայաստանը գնում է Մաքսային Միություն, թե չի գնում, շատ կարևոր է:

– Օլանդը նշել էր, թե պետք է գտնել Հայաստանի` Եվրամիության հետ ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի Մաքսային Միությանն անդամակցելուն: Ո՞ր դեպքում դա հնարավոր կլինի:

– Ես չեմ կարող այս հայտարարությանը գնահատական տալ, քանի որ ինձ համար դեռևս տեսանելի չէ նրա բովանդակությունը: Եվ այստեղ շատ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը: Հայաստանը համառորեն կարծես թե` իմ տպավորությամբ շրջանցում է Եվրամիության հետ այդ կարևոր խոսակցությունը, թե ինչ նոր օրակարգ պիտի լինի Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների սեղանին: Այնպիսի օրակարգ, որը չի հակասի Եվրասիական տնտեսական տարածքի առջև ստանձնած մեր պարտավորություններին:

Ես համաձայն եմ Ֆրանսիայի նախագահի հետ, որ Հայաստանի հետ հարաբերությունների նոր օրակարգ պիտի հաստատվի, բայց այստեղ կարևոր է նաև Հայաստանի կամքը, թե ինչ օրակարգ է առաջարկում Հայաստանը: Ես ծանոթ եմ Եվրամիության առաջարկին, բայց որքանով է այն ընդունելի Հայաստանի համար և որքանով Հայաստանի իշխանությունները կգտնեն, որ դա չի խանգարում Մաքսային Միության առջև ստանձնած պարտավորություններին` ես իրենց փոխարեն պատասխանել չեմ կարող:

– Սակայն Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեան նշել էր, թե դա միայն Ֆրանսիայի նախաձեռնությունն է և բոլոր անդամ  երկրները նման որոշում դեռ չեն կայացրել:

– Միանշանակ համաձայն եմ նրա հայտարարության հետ: Մեր Եվրամիության գործընկերները դեռևս չեն տեսնում այն սահմանը, այն կարմիր գիծը, թե մինչև որտեղ Հայաստանի հետ համագործակցությունը չի հակասելու Եվրասիական տնտեսական համագործակցության առջև ստանձնած պարտավորություններին: Երբ որ Եվրամիության մեր գործընկերները կտեսնեն այդ կարմիր գիծը, կտեսնեն օրակարգ, այդ ժամանակ էլ կարծում եմ Եվրամիության դիրքորոշումն ավելի հստակ կլինի:

 Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս