Հեռուստամարաթոն 2011-ի “Ջուր պարգևիր, կյանք նվիրիր” կարգախոսի շրջանակներում ,Հայաստանե համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է Հադրութ քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման ծրագիրը: Այս մասին armlur.am -ին տեղեկացնում են “Հայաստան” համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունից:Ծրագիրը համաֆինանսավորում են Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմինը` ի դեմս լոսանջելեսաբնակ բարերարներ տեր և տիկին Ջերարդ և Փաթրիշիա Թրփանջյանների, և ԼՂՀ կառավարությունը: 2008-ին Հիմնադրամի կառուցած Արջաղբյուր-Հադրութ 22կմ երկարությամբ ջրագծի շնորհիվ խմելու ջուրը հասնում է շրջկենտրոն: “Ներքին ցանցի կառուցումը կամբողջացնի ծրագիրը` ջուրը հասցնելով սպառողին”- ասում է ԼՂՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Էդիկ Դավթյանը: Կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են: Ծրագրով նախատեսվում է կառուցել շուրջ 33կմ երկարություն ունեցող ներքին ցանց, պոմպակայան և 2 ջրամբար, վերանորոգել 1970-ականներին կառուցված խորքային հորը, ջրավազաններն ու քյարիզները: “Խորին շնորհակալություն ենք հայտնում տեր և տիկին Թրփանջյաններին իրենց առատաձեռն նվիրատվության համար, որը հնարավորություն կտա խմելու ջուր մատակարարել շուրջ 3200 բնակիչ ունեցող քաղաքին։ Այս առիթով հարկ եմ համարում երախտագիտության խոսքեր հայտնել նաև Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամ պարոն Ալբերտ Բոյաջյանին, ում շնորհիվ ծրագիրն այսօր կյանքի է կոչվում”,- նշում է Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի Տնօրենների խորհրդի նախագահ Արա Ագիշյանը:Հիշեցնենք, որ Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցը, որն առանձնանում է իր գրավիչ ճարտարապետական լուծումներով և ժամանակակից հարդարանքով, 2010-ին ևս կյանքի կոչվեց Թրփանջյան ընտանիքի հովանավորությամբ:
Մեկնարկել է Արցախի Հադրութ քաղաքի խմելու ջրի համակարգի ներքին ցանցի կառուցումը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ