
Մայիսի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի թագավորության նորանշանակ դեսպան Լեյդուլվ Նամտվեդին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Նամտվեդդն իր գործունեությամբ կնպաստի հայ-նորվեգական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Նամտվեդդը վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։ Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զգալի աշխուժություն է արձանագրվել, կայացել են բարձրաստիճան փոխայցելություններ, ակտիվացել է փոխգործակցությունը մի շարք ոլորտներում։
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Նամտվեդին մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Արտաքին գործերի նախարարություն