Ակտիվիստի կողմից ոստիկանի նկատմամբ բռնության գործադրումը, ապա ակտիվիստին բերման ենթարկելը, հետո վերջինիս դեմ քրեական գործ հարուցելը նորություն չէ Հայաստանում, ավելին, այն դարձել է յուրաքանչյուր ակցիայի անբաժանելի մասը:
Թերևս, դժվար է հստակ ասել` ով է մեղավոր, ով` անմեղ: Սակայն փաստ է, որ ակտիվիստների իրականացրած ակցիաները, առիթ-անառիթ, ուղեկցվում են վերոնշյալ գործողություններով:
Ակտիվիստները մշտապես հավաստիացնում են, որ իրենց մեջ եղած լիդերները «խանգարում են» որոշ մարդկանց, և հենց նրանց նկատմամբ էլ կիրառվում են բերման ենթարկվելու և ծեծվելու գործողությունները:
Իսկ դատարանում արդեն տուժող և վկա ոստիկանները վստահեցնում են, որ ակտիվիստներին ուղղված իրենց հորդորները` հանգիստ և խաղաղ ակցիա իրականացնելու, չեն կատարվել, ինչին էլ, օրենքի համաձայն, հաջորդել է բերման ենթարկվելը:
Armlur.am-ի հետ զրույցում Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը նախօրեին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած միջադեպի շուրջ խոսելիս իրավիճակը, ինչպես և կարելի էր սպասել, ներկայացրեց ընդդեմ ոստիկանների:
«Ոստիկանները մեքենայի մեջ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին հարվածել են այն աստիճան, որ բաժնում երկու անգամ շտապօգնություն են կանչել»,- ասաց Եղնուկյանը:
Ինչպես հայտնի է, ակցիայի օրը, որը նպատակ էր հետապնդում Մաշտոցի անվան պուրակը չանվանակոչել Միսակ Մանուշյանի անունով, Հայաստանում է եղել Ֆրանսուա Օլանդը:
Ինչ խոսք, գովելի է հանրության ակտիվությունն ու ծառացած խնդիրների շուրջ անտարբեր չմնալը, սակայն առավել կարևոր է այն գրագետ և արդյունավետ կազմակերպելը:
Կողմնակալություն թող չթվա, սակայն բոլորի, այդ թվում` իշխանության մի շարք ներկայացուցիների համար էլ ակնհայտ է «Դեմ եմ» նախաձեռնության անդամների բողոքի ակցիաների արդյունքը:
Ամեն դեպքում, օրենքի սահմաններում արված ցանկացած գործողություն, որն ուղղված է երկրի բարօրությանը, ոչ մի դեպքում չի կարող արդարացնել թե՛ ակտիվիստի, թե՛ ոստիկանի կողմից արված անօրինական քայլերը:
Ինչևէ, կարծիքները, որ ակտիվիստները մշտապես սկանդալ են փնտրում, իսկ ոստիկանները պատվեր են կատարում կամ սադրիչի դեր ունեն, շարունակում են շատերը պնդել: Հարցն, ակնհայտորեն, հեշտ լուծելի չէ:
Տաթև Հարությունյան