Մայիսի 14-ին, Կոմպոզիտորների Միության դահլիճում Մարիա Ղուշչյանի ստեղծագործության հնչյուններով մեկնարկեց երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը:
Փառատոն, որը նպատակ ունի միավորելու և ներկայացնելու ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս բնակվող երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունները: Այս փառատոնի առաջին համերգը, ինչպես վերևում նշվեց, անցկացվեց Կոմպոզիտորների Միության դահլիճում: Իսկ երեկոյի ընթացքում հնչեցին Երևանի պետ. կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի ուսանողների ստեղծագործությունները՝ Մարիա Զուշչյան, Էլեն Յոլչյան, Ռուբեն Անտոնյան, Հովիկ Սարդարյան, Արթուր Հարությունյան, Մարիամ Սահակյան, Ալվինա Կարապետյան, Վահագն Վարդանյան, Մերի Դոլմազյան:
Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց ԿՄ Նախագահ Արամ Սաթյանը, երիտասարդները պետք է լսեն իրենց ստեղծագործությունները, այդ կերպ կարող են կատարելագործվել ու շարժվել առաջ: Իսկ Կոմպոզիտորների Միությունը պատրաստ է աջակցելու ու սատարելու երիտասարդներին:
Փառատոնի երկրորդ համերգը, որը նախատեսված է մայիսի 16-ին, կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և կսկսվի երեկոյան ժամը 19:00-ին: Այդ օրը կհնչեն Աննա Հակոբջանյանի, Մարտին Ուլիխանյանի, Սարքիս Ատամյանի, Տիգրան Ասլանյանի, Սամվել Գանտրալյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանի և Հեղինե Սարգսյանի ստեղծագործություններից:
Վերջին համերգին, որը նախատեսված է մայիսի 20-ին, կհնչեն Արթուր Աքշելյանի, Անդրանիկ Ֆատալովի, Արսեն Բաբաջանյանի, Դավիթ Բալասանյանի, Արամ Հովհաննիսյանի, Էդմոնդ Մակարյանի, Արթուր Ավանեսովի, Արսեն Հարությունյանի և Վահրամ Սարգսյանի ստեղծագործություններից:
Այդ համերգը նույնպես կսկսվի ժամը 19:00-ին ու կանցկացվի դարձյալ Կամերային երաժշտության տանը: Բոլոր համերգների մուտքն ազատ է:
Նշենք, որ մայիսի 24-ին էլ Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի շրջանավարտների դիպլոմային աշխատանքնաերի համերգը: Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի մասնակցությամբ և դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ համերգը կմեկնարկի ժամը 16:00-ին: