«Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ Սասուն Միքայելյանից լրագրողները հետաքրքրվեցին «քառյակի» գործունեության ու կառավարության նոր կազմի մասին: «Մենք տեսանք, թե «քառյակը» ինչ արդյունքի հասավ: Վարչապետի փոփոխությունը ոչ մի բանի չի բերի, պետք է նախագահի հրաժարականը»,-պատասխանեց պրն Միքայելյանը:
Նախաձեռնության անդամի խոսքով` նոր կառավարությունը նախորդից առանձնապես ոչնչով չի տարբերվում. «Ընդամենը մարդկանց տեղերն է փոխվել: Ինչ տարբերություն Քաչալ Հասան, թե Հասան Քաչալ, կամ քաչալի տղա Հասան: Նրանք կատարելու են Սերժ Սարգսյանի հրահանգները: Այս կառավարությունը չի գնա համակարգային փոփոխությունների»:
Armlur.am-ը Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը չի բացառում նաև ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, որքանով է այս համատեքստում «Քաղաքացիական պայմանագրի» համար կարևոր Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե նա այլևս ցանկություն չունի առաջադրվել երկրորդ անգամ ոչ մի պաշտոնում:
Սասուն Միքայելյանն ասաց, որ ինքը չի հավատում այդ հայտարարություններին. «Չեմ հավատում, որ որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանը չառաջադրի իր թեկնածությունը որևէ պաշտոնում: Այդ հայտարարությունը ծուղակային էր ինչ-որ չափով: Հետագայում նա կարող է այլ կերպ մեկնաբանել իր հայտարարությունը: Եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է երկիրը կարգավորել, թող հիմա հրաժարական տա: Քամին ցրտից չի մեռնում»: