Ծախսերը պետք է լինեն թափանցիկ, ինչպես որ միշտ եղել են. Հ. Բիշարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետական գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ Ազգային ժողովի  «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ իր համար անընդունելի է այն օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պետական պահպանության ենթակա անձանց սպասարկման ծախսերն իրականացնել գաղտնիության պամաններում:  Ըստ Բիշարյանի,  այդ ծախսերը պետք է լինեն թափանցիկ, ինչպես որ միշտ եղել են:

«Ես չեմ հասկանում, թե ինչի համար է սա արվում: Ի՞նչ է փոխվել: Մենք երբեք չենք կենտրոնացել մեր ղեկավար մարմինների ծախսերի վրա: Լրատվամիջոցներն են երբեմն անդրադարձել դրանց, սակայն սա նորմալ է, եւ չեմ կարծում, որ հիմքեր կան նման նախագիծ բերել եւ արտահերթ ռեժիմով քննարկել»- նշեց նա:

Հ. Բիշարյանի համոզմամբ,  Հայաստանի նման փոքր երկրում ուղղակի անընդունելի է սպասարկման ծախսերը թաքցնել: Նա նաև նշեց, թե հարգում է պետական այդ մարմինների աշխատանքը եւ գտնում է, որ մարդկանց պիտի հյուրասիրել, քանի որ դրսում էլ իրենց են պատիվ տալիս:

«Մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին՝ համարելով, որ շատ ավելի կարևոր օրենքներ կան, որ մենք պետք է քննարկենք եւ ընդունենք, քան այս նախագիծը, որը չգիտես ինչու բերվել եւ քննարկվում է արտահերթ ռեժիմում»,- ասաց պատգամավորը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյաննլ էլ պարզաբանեց, որ այս նախագիծը  համաձայնեցրել է իր հետ, իսկ ինքը թույլ է տվել, որ այն  մտնի օրակարգ:




Լրահոս