armlur.am -ին ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության և միջազգային փորձագետների կողմից մշակվել է ,Հավաքների ժամանակ ոստիկանության գործողություների ուղեցույցե, որտեղ, հաշվի առնելով ՀՀ օրենսդրությունը և միջազգային-իրավական պրակտիկան, առավելագույնս հստակեցվել է ոստիկանության ծառայողների իրավունքների և պարտականությունների ողջ շղթան հավաքների անցկացման ժամանակ:Հունվարի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ուղեցույցի քննարկումը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը: Մասնակցում էին համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես և պրոֆեսոր Օթթո Լուխտերհանդթը` միջազգային և հանրային իրավունքի բնագավառում Գերմանիայի հեղինակավոր մասնագետներից մեկը, որի ակտիվ աջակցությամբ էլ մշակվել է ուղեցույցը:Բացելով միջոցառումը` Արթուր Օսիկյանը նշեց, որ հանդիպման նպատակն է` վերջնականապես ճշգրտել մի շարք հարցեր, որոնք հատկապես կարիք ունեն առավելագույն հստակեցման և պրակտիկայում երբեմն երկակի մեկնաբանությունների տեղիք են տալիս, օրինակ` որ դեպքում անօրինական հավաքի մասնակիցների գործողությունները կորակվեն որպես հանրային շահի սահմանափակում, վրանների տեղադրման հիմնախնդիրը` հավաքների իրավունքի և ընդհանուր ոստիկանական իրավունքի տեսանկյունից և այլն:Արթուր Օսիկյանն ընդգծեց, որ ոստիկանությունը չափազանց կարևորում է բոլոր հնարավոր իրավիճակներում հատկապես պարզելու այն սահմանը, որը գոյություն ունի հավաքների մասնակից անձանց իրավունքների իրականացման և դրանց իրավաչափ սահմանափակման միջև:Օթթո Լուխտերհանդթը ներկայացրեց համատեղ մշակված ուղեցույցը` անդրադառնալով նաև Գերմանիայում ոստիկանության համանման պրակտիկայի առանձնահատկություններին:Հանդիպման մասնակից ստորաբաժանումների ծառայողները ներկայացրին իրենց դիտարկումները ուղեցույցի վերաբերյալ և հարցեր ուղղեցին պրոֆեսոր Լուխտերհանդթին:Գործնական և շահագրգիռ քննարկման ընթացքում հստակեցվեցին մի շարք հարցեր` ոստիկանության հիմնական խնդիրները հավաքների իրավունքի ապահովման առնչությամբ, ոստիկանության և հավաքների մասնակիցների փոխհարաբերությունների հիմնական սկզբունքները, հանրային վայրերում վարքագծի ընդհանուր հիմունքները, պատմության և մշակույթի հուշարձանները որպես հավաքների անցկացման վայր, վրանների տեղադրման հիմնախնդիրը և այլն: Արթուր Օսիկյանը շնորհակալություն հայտնելով Օթթո Լուխտերհանդթին և JIZ կազմակերպությանը տեխնիկական օժանդակության համար` նշեց, որ “Հավաքների ժամանակ ոստիկանության գործողություների ուղեցույցը” պատրաստ է, մեկշաբաթյա ժամկետում ստորագրման կներկայացվի ոստիկանության պետին և հաստատվելուց հետո կընդգրկվի ոստիկանության կրթական համալիրի ուսումնական պլաններում ու կօգտագործվի ծառայողների պարապմունքների ժամանակ:
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ