Մեր դեսպանը՝ ամբողջ աշխարհում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին՝ իր իննսունամյակից 10 օր առաջ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Երևանի Մարզահամերգային համալիրում հանդես եկավ համերգով:

Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանը, ինքը պարզապես հիացած և, միևնույն ժամանակ, հուզված է եղել ամբողջ համերգի ընթացքում:

«Ու նաև մի տեսակ կարոտ, ափսոսանք կար այն պատճառով, որ այդ փոքրամարմին հսկա մարդը շուտով 90 տարեկան է դառնում: Ես կուզեի, որ ինքը շատ ավելի երիտասարդ լիներ, կամ երկար-երկար տարիների կյանք ունենա, առողջ լինի»:

Հասկանալի է, որ շանսոնյեի կատարումներում նաև փոքրիկ վրիպումներ են եղել, բայց մեր զրուցակիցը չի ճանաչում մեկ այլ երգչի, ով այդ տարիքում երգում է կենդանի կատարմամբ. «Ավելին՝ նա նույնիսկ ցատկոտում էր, իսկ հանդիսատեսը ոտքի կանգնած անընդհատ ծափահարում էր: Պարզապես անհնար է խոսքերով փոխանցել այն մեծ սերը, որ տածում է ժողովուրդը նրա հանդեպ: Դա պարզապես մի տոնախմբություն էր, ու ես պարզապես անչափ հպարտ էի, որ մենք ունենք Շառլ Ազնավուրի պես մեծագույն արվեստագետ, մեծագույն հայ՝ իր ամբողջ հայանպաստ գործունեությամբ եւ աղետի տարիներին, եւ դրանից հետո: Նրա ամեն մի այցը Երևան տոն է բոլորիս համար»:

Ըստ մեր զրուցակցի՝ շատ երգիչներ իրենց աշխարհում Հայաստանի դեսպան են համարում, բայց Ազնավուրն է միակը, ով իսկապես ոչ միայն հայ ժողովրդի կարևորագույն մարդկանցից մեկն է, մեր դեսպանը ոչ միայն Շվեյցարիայում, այլև ամբողջ աշխարհում: «Նրա առջև աշխարհում փակ դռներ չկան. նրա խոսքը շատ զորավոր է, և նրան ընդունում ու սիրում են ամբողջ աշխարհում:

Աշխարհում կարող են լինել շատ հայտնի հայեր, բայց նրանք ավելի պասիվ դիրքորոշում ունեն շատ հարցերում, իսկ Ազնավուրը շատ ակտիվ է իր բոլոր գործողությունների մեջ: Ընդ որում, նա իր անունն օգտագործում է ոչ թե ի շահ իրեն, այլ ի շահ հայ ժողովրդի, իր ծառայությունները, իր նպաստն է բերում մեր երկրին: Հուսով եմ, որ կլինի այդպես առույգ դեռ երկար ժամանակ, և մենք էլի կվայելենք նրա արվեստը, նրա մարդկային էությունը»:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս