ԲԱԲԱՅԱՆԸ ԵՏ ԿԳԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն առաջիկայում պատրաստվում է ոչ միայն վերադառնալ Հայաստան, այլեւ զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:
Ինչպես հայտնի է` արդեն տեւական ժամանակ Բաբայանը փախած է Հայաստանից. արցախյան ազատամարտի երբեմնի հերոսը հսկայական չափերի գումար պարտք անելուց, իր նախկին ընկերների տները գրավի տակ դնելուց հետո անհետացել է: Արդյունքում, բացի իր ընտանիքի անդամներից, Բաբայանի գտնվելու վայրը չգիտի ոչ ոք, անգամ նրա նախկին մտերիմ ընկերները տեղյակ չեն, թե որտեղ է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը: Իսկ ընտանիքի անդամներն էլ չեն ցանկանում որեւէ տեղեկություն փոխանցել նրա վերաբերյալ: Դեռ նոյեմբերին Բաբայանի որդին լրագրողներից մեկին ասել էր, թե հայրն առաջիկա օրերին պատրաստվում է վերադառնալ: Սակայն առ այսօր նա չի վերադարձել: Երեկ, երբ զանգահարեցինք նրա բնակարան` ճշտելու, թե կոնկրետ երբ է Բաբայանը վերադառնալու, վերջինիս դուստրը շատ կոպիտ տոնով ասաց. «Մենք որեւէ բան չենք ասում, դա որեւէ մեկին չի վերաբերում», եւ դրեց լսափողը:
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սամվել Բաբայանին առաջիկայում Հայաստան է բերելու Ռոբերտ Քոչարյանը: Շրջանառվող լուրերի համաձայն` Քոչարյանը խոստացել է այդ հարցում օժանդակել Սամվել Բաբայանին` փակել պարտքերը, գրավից հանել իր ու ընկերների տները` պայմանով, որ նա դառնա ընդդիմություն Սերժ Սարգսյանին եւ ակտիվ աշխատի նրա դեմ: Ըստ նույն աղբյուրի` Բաբայանը տվել է իր նախնական համաձայնությունը: Ասում են` այս տեսանկյունից Բաբայանը լավ գտածո է Քոչարյանի համար, քանի որ վերջինս կարող է հավասարապես ընդդիմություն լինել ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ավելին, դեռ մինչեւ իր անհետացումը Ս.Բաբայանը «հաջողությամբ» նաեւ լծվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչություն իրականացնելու գործին: Ու հիմա նրա համար կավելանա եւս մեկ թիրախ` Սերժ Սարգսյանը: Միայն թե անհասկանալի է, թե ինչպես է Սամվել Բաբայանին հաջողվելու հետ բերել իր երբեմնի հեղինակությունն ու որքանով է իր ներկայությամբ օգնելու Քոչարյանին:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց այդ տեղեկությունները: «Առաջին անգամն եմ նման բան լսում»,-ասաց Սողոմոնյանը: Թեեւ հասկանալի է, որ նրանից այլ պատասխան չէր էլ կարելի ակնկալել: Սամվել Բաբայանի նախկին կուսակցության` «Դաշինք»-ի քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանն ասաց, թե ինքն արդեն ավելի քան 1.5 տարի է` որեւէ առնչություն չունի Բաբայանի հետ: «Այս ընթացքում շատ հարցեր են կուտակվել, էլի լրագրողներ են ինձ զանգել, բայց կարծում եմ` Բաբայանը կվերադառնա, ու ինքն էլ կպատասխանի հարցերին»,-ասաց Ղլեչյանը: Բաբայանից որեւէ տեղեկություն չուներ նաեւ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, որի ղեկավարած կուսակցությանն էր միացել Բաբայանի «Դաշինք»-ն ինքնալուծարվելուց հետո: «Երբ նրանց կուսակցությունը միացավ ՀՌԱԿ-ին, ինքը` Բաբայանը, ՀՌԱԿ անդամ չդարձավ, եւ մեկուկես տարի է` որեւէ կապ չկա մեր մեջ»,-ասաց Առաքելյանը:
Ի դեպ, հավաստի աղբյուրների պնդմամբ` Սամվել Բաբայանը թվով 16 անշարժ գույք` բնակարաններ, առանձնատներ, լողավազան եւ մեկ սրճարան է գրավադրել: Այս ամենն արել է իրեն պատկանող ընկերության` «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ի համար: Այս ընկերությունը զբաղվում էր Հայաստան սելիտրա պարարտանյութի ներկրմամբ, ինչպես նաեւ «տախտակի» բիզնեսով: Հիմա այդ ընկերության դեմ բազմաթիվ հայցեր են ներկայացված դատարան. միայն «Արդշինինվեստ բանկ»-ին այս ՍՊԸ-ն պարտք է 1 մլն 800 հազար դոլար. «Քարդան սիստեմ»-ը դեռ չի մարել վերցրած վարկը: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս