Ազգային ժողովում այսօր քննարկվում էր կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Հիշեցնենք, որ նախատեսվում է ավելացնել կոչումների շրջանակը:
Օրենքի վերաբերյալ իր ելույթում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ այս օրենքը ԽՍՀՄ-ից մնացած է.
«Այս օրենքից սովետի հոտ է գալիս, ես համաձայն եմ, ու երբ ինչ-որ տեղից հոտ է գալիս, պետք է պատուհանը բացենք, որ գարշահոտությունն անցնի»,- հայտարարեց Արզումանյանը և հավելեց, որ պետք է թույլ չտալ նման օրենքի ընդունումը:
«Նման օրենքները ԽՍՀՄ արտիստներին կաշառելու մեթոդ էին: Հիմա նույնը Ռուսաստանում է, երբ պետք է, որ հնարավորինս շատ մարդ քվեարկի Պուտինի օգտին, ում ասես մեդալ են տալիս: Մեդալները պետք է այնպիսին լինեն, որ ծիծաղի առարկա չդառնան: Զավեշտի շարքից է, որ դուք այս օրինագծով ուզում եք ստեղծել «Վաստակավոր կոլեկտիվի անդամ» մեդալը: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի, որ մեկն արտերկրում ասի, որ ինքը վաստակավոր կոլեկտիվի անդամ է, կծիծաղեն նրա վրա», – նշեց նա, հավելելով, թե ինքը դեմ է քվեարկելու այս նախագծին:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց, թե «լավ է, որ պատուհան են բացում, բայց երբ երկու պատուհան է բացվում, «սկվազնյակ» է լինում»: