Հայ դերասանների մասնակցությամբ ռուսական շուկայի համար հերթական ֆիլմն է նկարահանվել՝ «Հրաձիգ-2»-ը, որի ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է: Ֆիլմը նկարահանվել է ռուսական Ren TV-ի պատվերով, իսկ նկարահանող ընկերությունը «BERG SOUND-ն» է:
Հեռուստաֆիլմը բաղկացած է չորս մասից, այնտեղ խաղում են նաև հայ դերասաններ Արամոն, Սոս Ջանիբեկյանը, Արամ Կարախանյանը, Ալբերտ Սաֆարյանը: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիս ամսին:«Ժողովուրդ»-ի այսօրվա զրուցակիցը դերասան և սիրված երգիչ Արամոն է:
-Որքան գիտեմ, Դուք վերջերս նաև մեկ այլ կինոնկարում եք նկարահանվել:
-Այո, ավարտվել են նաև Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը» կարճամետրաժ ֆիլմի աշխատանքները, որը ներկայացրել ենք ազգային կինոյի «Հայակ»-ի մրցանակաբաշխությանը:Մյուս ֆիլմը «Հրաձիգ-2»-ն է, որտեղ ես մարմնավորել եմ Իդրիսի բացասական կերպարը:
-Ո՞րն է այդ ֆիլմի հիմնական ասելիքը:
-Իմ հերոսը նարկոբարոն է, թալիբան և գյուղի իշխանությունը վերցրել է իր ձեռքը:Ու հատուկ ջոկատի աշխատակիցները Մոսկվայի հրամանով գալիս են նրան վնասազերծելու: Ֆիլմն ակտուալ է:Կարծում եմ՝ ամբողջ աշխարհում, մարդկության մեջ բարին հաղթում է, և տվյալ դեպքում ներկայացված է նարկոթրաֆիքինգի դեմ պայքարը: Նման մարդիկ պիտի չլինեն, նրանց պիտի վնասազերծեն, ու մարդիկ մաքուր, ազնիվ ու առողջ ապրելակերպով ապրեն: Տղաները վնասազերծում են ավազակախումբը ու նրա ղեկավարին՝ ինձ: Ի դեպ, ֆիլմում ես պարսկերեն եմ խոսում, իսկ ճիշտ շեշտադրումները, առոգանությունը ինձ սովորեցրել է պրոֆեսիոնալ մասնագետը:
-Ինչպիսի՞ կինոնկարում կցանկանաք նկարահանվել, ի՞նչ դերի մասին եք երազում:
-Ուզում եմ՝ համամարդկային թեմա լինի, որ շատ հուզի մարդկությանը, այսինքն՝ այնպիսի կինոնկար լինի, որ համոզի ճապոնացուն, գերմանացուն… Նեղ ազգայնական չլինի, հուզի շատ մարդկանց, համընդհանուր թեմաներ շոշափվեն այդ ֆիլմում: Դա իմ երազանքն է:Մեծ սիրով կոմեդիայում կնկարվեի, տրագիկոմեդիայում, դրամայում:
-Այսինքն՝ բոլոր ժանրերում:
-Այո՛, այո՛, որովհետև շատ հետաքրքիր է տարբեր ժանրերում ճիշտ կերտել կերպարը և այն հասանելի դարձնել հանրությանը:
-Ինչպես ասում են՝ ախորժակը ուտելիս է բացվում, և Դուք պատրաստ եք նկարահանվել ու նկարահանվել:
-Բնականաբար, բայց սցենարից էլ է դա կախված:Ու այնպես չէ, որ եթե նկարվելու ցանկություն ունեմ, ուրեմն պետք է ամեն ֆիլմում նկարվեմ:Պետք է ինձ հարազատ լինի սցենարը, կերպարը:Եղել են առաջարկություններ, որոնք մերժել եմ, և դա նորմալ է:Պետք է այդ կերպարի մոդելը կառուցես, որի համար ժամանակ է պահանջվում, պետք է ապրես կերպարով, կարողանաս ներքին հոգեկան և արտաքին վիճակները ճիշտ հասցնել հանդիսատեսին, որ իսկապես հուզես նրան, այլ ոչ թե թվացյալ անես ինչ-որ բան, որը կարող է պարզապես դատարկություն լինել:
-Դերասան կա՝ մտնում է կերպարի մեջ և ամբողջ կյանքում կամ բավականին երկար ժամանակ չի կարողանում դուրս գալ այդ կերպարից:Դուք հե՞շտ եք դուրս գալիս մի կերպարից և մտնում մեկ այլ կերպարի մեջ:
-Նկարահանման կերպարը դու ես ստեղծում, և արտիստի մասնագիտությունն այնպիսին է, որ անպայման պետք է դուրս գա այդ կերպարից, որպեսզի կարողանաս ուրիշ ֆիլմում այլ կերպարի վրա աշխատել:Ժամանակ է պետք, որ տվյալ հոգեվիճակից դուրս գաս, չեմ ասում՝ ամիսներ, բայց մի 3-5 օր է անհրաժեշտ, որ այն մոռանաս:Ստեղծել ես մի, այսպես ասած, կտավ, հանձնել հանրության դատին ու այնտեղ չպետք է մնաս:Ոչ պրոֆեսիոնալ դիլետանտները (չեմ ասի՝ դերասանները), բնականաբար, պիտի մնան այդ կերպարի մեջ, որովհետև այդ մասնագիտության տերը չեն:
-Առաջին մասնագիտությամբ դերասան եք, բայց առավել հայտնի եք որպես երգիչ, ով ժամանակին հաղթել է նաև միջազգային մրցույթներում:
-Երգն իր տեղն ունի, և արդեն չորս հեղինակային ստեղծագործություններ պատրաստ են, բայց ծանրաբեռնված եմ նաև ներկայացումով «Սև, դառը շոկոլադ»-ի պրեմիերան, որի հեղինակը Էմման է, և որը Սուրեն Շահվերդյանն է բեմադրել Լուիզա Ղամբարյանի հետ, կայացավ ապրիլի 15-16-ին, իսկ մայիսի 15-ին այն պետք է խաղանք Երևանի դրամատիկական թատրոնում:
Հարցազրույցը՝ ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ