Բոլորն ինձ շատ են սիրում, բայց մի մասը չի արտահայտվում. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանը նամակով  դիմել էր ԱԺ խմբակցություններին, թե մոտ 100 աշխատակիցներ դիմում են գրել, որ պահումներ չարվեն, քանի որ բուհում դեռ պահումները շարունակվում են: Անդրադառնալով այս նամակին՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց.

«Երեկ Ճարտարագիտական համալսարանը մեկնաբանել է հայտարարությունը ու ավելացնելու բան չունեմ: Ներբուհական խնդիր է, և հետո՝ բուհի հայտարարությունը շատ սպառիչ էր, ու ես ուրախ եմ, որ խմբակցությունները անմիջական կապի մեջ են, պատրաստ են ցանկացած նամակ ընթերցել»,- նշեց նա:

 Անդրադառնալով  Վերոնիկա Խորասանյանի` աշխատանքից ազատվելուն, ԿԳ նախարարը նշեց. «Վերոնիկան չի ազատվել իր «ըմբոստ» կեցվածքի համար: Իրեն առաջարկվել է այլ աշխատանք»:

Լրագրողների այն հարցին, թե  շարունակվելո՞ւ են արդյոք կուտակային պահումները ուսումնական հաստատություններում, նախարարը նշեց, որ օրենքն արդեն երկրորդ և ամբողջական ընթերցմամբ քվեարկվել է, ուղարկվելու է նախագահի վավերացմանը, իսկ հետո արդեն կմտնի ուժի մեջ:

 Նա նշեց, թե ԿԳ նախարարությունը գլխադասային չէ և իրականացնում է  Կառավարության կողմից հաստատված քաղաքականություն: Այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ԿԳՆ-ին, որպես լիազոր մարմին, նման հարցերով դիմում, նախարարը հայտարարեց.

«Ե՛վ Արծվիկ Մինասյանը, և՛ մնացած բոլորը ինձ շատ են սիրում, մի մասն արտահայտվում է, որ ինձ սիրում է, մի մասը չի արտահայտվում: Զարմանալի է ուղղակի, ինչքան մեծ մագնիտիզմ ու բնական ձգողականություն ունեմ, որ այս քաղաքականության մշակումն ինձ հետ կապ չունի, բայց վերագրում են ինձ: Շատ շնորհակալ եմ նման ուշադրության համար»,- ասաց Արմեն Աշոտյանը:

 




Լրահոս