ԴԱՐՁՅԱԼ ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը 2005 թվականին այդ պաշտոնը ստանձնեց բավական սկանդալային իրավիճակում` ստիպելով իր համաքաղաքացիներին ոտքի կանգնել, ըմբոստության ցույցեր անել, անգամ փորձել  փակել միջպետական ճանապարհը: Այդ ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը հասավ երեք հազարի, ինչն աննախադեպ էր: Ինչպես վկայում էին շատ ապարանցիներ, այդ ընտրությունների ժամանակ մայրաքաղաքից ավտոբուսներով բերվել էին շատ վաղուց Ապարանում չապրող մարդիկ, որպեսզի քվեարկեին Գոռ Աբրահամյանի օգտին: Իսկ քվեարկության հանձնարարությունը տրվել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից, ով միշտ էլ եղել է այստեղ անցկացվող ընտրությունների «պապան»:
Ժամանակին այդ ընտրությունների մասին մամուլը գրեց. «Ապարանի քաղաքապետի` կիրակի օրը կայացած ընտրությունները մոտավոր պատկերացում են տալիս, թե ինչպես են իշխանությունները մտադիր ապահովել հանրաքվեի «այո»-ն: Իսկ Ապարանի քաղաքապետի ընտրություններն անցել են մոտավորապես այսպես. սպառնալիքների եւ ընտրակաշառքների միջոցով Աղվան Հովսեփյանի շրջապատը չի կարողացել բավարար չափով ձայներ ապահովել իր թեկնածու Գոռ Աբրահամյանի համար, քանի որ ժողովուրդն ընդվզել է: Ստիպված Ապարան են տեղափոխվել հատուկ ջոկատայիններ եւ կարմիրբերետավորներ: Նոյեմբերի լույս 21-ի գիշերը Աղվան Հովսեփյանն իր մոտ է հրավիրել Ապարանի գործող քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանին եւ առաջարկել դադարեցնել դիմադրությունը` հակառակ դեպքում սպառնալով քրեական գործ հարուցել: Ավելի ուշ պաշտոնապես հայտարարվել է, թե Ապարանի քաղաքապետ է ընտրվել Գոռ Աբրահամյանը»:   
Մամուլի հրապարակումներն ու ապարանցիների հուզումները չխանգարեցին, որ Գոռ Աբրահամյանը ստանձնի քաղաքապետի պարտականությունները, իսկ 2008-ին էլ զարգացնի իր հաջողությունները: Ինչպես պնդում են Ապարանում, այս քաղաքապետը մեծ աջակցություն է ստացել ոստիկանությունից, որի «գործ տվողներից» մեկն է: Ոստիկանության ու պետեկամուտների կոմիտեի աջակցությամբ էլ 2008-ի ընտրությունների ժամանակ կասեցվեց նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի հաջողությունը, ստուգումներ սկսվեցին նրա սեփականությունը հանդիսացող խանութներում:  Իսկ ընտրությունների առթիվ Գոռ Աբրահամյանը հետեւյալ բացատրությունը տվեց. «Նախորդ անգամ մրցակիցը, տեսնելով, որ պարտվում է, ՀՀՇ-ի ձեռագիրը գործեց: Նույն մարտյան դեպքերի ձեռագիրն էր, որ 20 տարի փաթաթել են ժողովրդի պարանոցին: Մենք հանգիստ ենք, էն ժամանակ էլ էինք հանգիստ անցկացնում` նորմալ, արդար, մաքուր: Նախընտրական կամպանիայի ժամանակ դա է եղել մեր աշխատանքը, եւ բացի դա, ժողովուրդն էլ քաղաքի զարգացման տեմպերից բավականին գոհ է, եւ դա էլ, իհարկե, մեր աշխատած շրջանն է»:
Մեր ուշադրությունը գրավեց մի փաստաթուղթ` Ապարանի քաղաքապետի` 2010 թվականի հաշվետվությունը, որի հեղինակը հենց քաղաքապետն է, մինչդեռ ցանկացած պարբերություն սկսվում է «Ապարանի քաղաքային համայնքային ավագանին նշում է» նախադասությամբ: Եթե քաղաքապետն է հաշվետվություն տալիս, ապա ինչո՞ւ է հանդես գալիս ավագանու անունից եւ հաշվետվության մեջ ներկայացված բոլոր թվերի, կատարած աշխատանքների մասին տեղեկությունները վերագրում ավագանուն` որպես նրա դիրքորոշում: Ավագանին, ըստ էության, քաղաքապետարանի աշխատանքները վերահսկող ընտրովի մարմին է, բայց ոչ երբեք քաղաքապետի կցորդը: Այս պարզագույն դիտարկումն անգամ թույլ է տալիս ասել, որ Գոռ Աբրահամյանն ինքն է որոշում ավագանու գործառույթները, ինքն է թելադրում ավագանուն, իսկ հնազանդ ավագանին էլ լռում է ու կատարում քաղաքապետի կամքը` այսպիսով մեկ անգամ եւս հաստատելով, որ ժողովրդավարությունն ու տեղական ինքնակառավարման օրենսդրական սկզբունքներն Ապարանի կողքով են անցել:
Հաշվետվության մեջ խոսվում է կատարված աշխատանքների մասին, մինչդեռ գոնե մեկ անգամ այս բնակավայրով անցնողը կնկատի, որ այստեղ բացակայում է հոգատար ձեռքը, որ քաղաքի կենտրոնում աչք է զարնում նախկին «Նիգ» հյուրանոցի ավերակը, ուղղակի զարհուրելի է նայել նախկին կինոթատրոնի շենքին, իսկ ով մեկ անգամ ցանկություն ունենա մշակույթի կենտրոնի դահլիճ մտնել, ապա ստիպված է դրանից հետո մտահոգվել սեփական առողջության խնդիրներով: Այդ հաշվետվության զավեշտի բարձրակետը ներքոգրյալ պարբերությունն է. «ՀՀԿ միջոցով անցկացվել է բժշկական անվճար սպասարկում, որի արդյունքում 10 քաղաքացիների տրվել է անվճար բուժման, 8 քաղաքացիների` պետպատվերով  վիրահատման  ուղեգիր: Սոցիալապես անապահով  6  ուսանողների  տրվել է ուսման  վարձավճար` 400.000 դրամի չափով: Սոցիալապես անապահով 15 հաշմանդամներ  օգտվել են անվճար հանգստյան տան ուղեգրերից»: Քաղաքապետն իրեն է վերագրել նաեւ հարազատ կուսակցության կատարած աշխատանքները` այսպիսով ջանալով «թոզ փչել» համաքաղաքացիների եւ այդ հաշվետվությունը կարդացողների աչքին:
Այդքանով հանդերձ, Գոռ Աբրահամյանն էլի է ուզում քաղաքապետ դառնալ: Եւ ինչո՞ւ չուզենա, երբ այդպես է ուզում նաեւ Աղվան Հովսեփյանը, իսկ վերջինիս համար Ապարանը յուրատեսակ սեփականություն է, որտեղ ինքն է որոշում, թե ով է լինելու քաղաքապետ, ով է մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվելու, եւ ով` հաղթելու: Հենց աղվանհովսեփյանական կլանն էլ այսօր կանգնած է Գոռ Աբրահամյանի թիկունքին, իսկ Գոռ Աբրահամյանն էլ իր հերթին ամեն ինչ պիտի անի, որպեսզի Ապարանից մեծամասնականով պատգամավոր դառնա «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս