Վերջին շրջանում Հայաստանում կրկին նկատվում է գնաճ, մասնավորապես մածունի, գարեջրի եւ տեղական արտադրության ծխախոտի գների թանկացում: Գների տարբերությունը 20-30 դրամ է: Եթե «Մարիաննա» կաթնամթերքի արտադրության մածունը նախկինում 220 դրամ էր, այժմ այն 240 է, իսկ որոշ խանութներում` 250: Թե ինչով է պայմանավորված մածունի գնաճը, փորձեցինք ճշտել հենց ընկերությունից, սակայն ամբողջ օրվա ընթացքում այնտեղ այդպես էլ մեր հարցերին պատասխանող մարդ չհայտնվեց: Իսկ գարեջրի եւ ծխախոտի թանկացումը կապում են շշերի եւ ծխախոտի տուփերի վրա փակցվող ակցիզների թանկացման հետ: Դեկտեմբերի 25-ից սկսած` կանաչու գինը 150 դրամից օր օրի թանկանում էր` դեկտեմբերի 31-ին հասնելով մինչեւ 600 դրամի: Թվում էր` ամանորյա ահռելի ծախսերին կհաջորդի ֆինանսական տեսանկյունից մի փոքր թեթեւացում: Բայց, ինչպես տեսնում ենք, հակառակն է. եւ դա քաղաքացիների մոտ բնականբար դժգոհություն է առաջանում: «Դե բա թոշակները մի երկու կոպեկ ավելացրել են չէ՞, մի ձեւ պե՞տք է տեղը հանեն, բա ո՞նց: Այսօր մածունն ա թանկացել, վաղը կաթն էլ կթանկացնեն, հացն էլ, ձուն էլ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց 70-ամյա Լենան: «Ապրում ենք պետության կողմից ստացված թոշակով, ամուսինս ծխում է, գրեթե ամեն օր մածուն ենք գնում, եւ բնական է, որ այդ 30-50 դրամն արդեն իսկ ավել ծախս է մեզ համար»,- դժգոհեց 73-ամյա Մարգարիտան: Հայաստանի սպառողների ասոցիացիայի միության նախագահ Արմեն Պողոսյանը, մեր երկրում սննդամթերքի գնաճի հետ կապված, տալիս է հետեւյալ մեկնաբանությունը. «Պետական բյուջեում արդեն ամրագրված է, որ 101 մլրդ դրամով պետական եկամուտները` հարկումները, պետք է թանկանան: Կարծում եմ, որ գործարարները նախնական կոմպենսացիոն քայլեր են անում իրենց ապագա հարկերի համար անհրաժեշտ գումարը նվազեցնելու համար»: Կառավարությունը մի կողմից 101 մլրդով բյուջե է ավելացնում, բայց մյուս կողմից էլ գնաճը կառավարել չի կարողանում: Այս դեպքում հարց է առաջանում. որոշում կայացնելուց առաջ արդյո՞ք իշխանություններն ընդհանրապես մտածում են շարքային քաղաքացու մասին: