ԳԻԶԻՐՅԱՆԱԿԱՆ «ՄԱՐՈԶՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը սկսել է ՀՀԿ օգտին աշխատանքը: Արդեն մեկնարկել են այցերը մարզի տարբեր գյուղեր, որտեղ նա գյուղապետերին հորդորում է լինել զգոն եւ այսօրվանից համայնքի բնակիչների հետ տանել համապատասխան աշխատանքներ` ՀՀԿ հաղթանակը Շիրակի մարզում ապահովելու համար: Նախորդ ընտրությունների փորձը ցույց է տվել, որ Գիզիրյանի այդ հանձնարարականի իրագործումը մարզում լուրջ խնդիր է: 2007թ-ին Հանրապետական կուսակցությունը սպասվածից քիչ ձայներ հավաքեց, ինչով պայմանավորված էլ Աշոտ Գիզիրյանը գործուղվեց Շիրակի մարզ, որպեսզի կարողանա ուժեղացնել ՀՀԿ թուլացած դիրքերը:
Շիրակի մարզպետարանից մեր հարցադրմանը պատասխանեցին, որ տարբեր գյուղեր այցեր եղել են, սակայն դրանք զուտ աշխատանքային խորհրդակցություններ են: «Դա ընտրությունների կամ քարոզարշավի հետ կապ չունի: Օրինակ` Գեղանիստում կա գազաֆիկացման խնդիր, մարդիկ գնում, ծանոթանում են այդ խնդրին: Դա ի՞նչ կապ ունի ՀՀԿ-ի կամ ընտրությունների հետ»,-փոխանցեց  ՇՄ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սամվել Գրիգորյանը:
Նշենք, որ մարզի 119 համայնքների ղեկավարների գերակշիռ մասը ՀՀԿ անդամ են: Ոմանք հանրապետական են դարձել վերջերս: Փետրվարի 12-ին մարզի մի շարք համայնքներում կայանալիք ընտրություններին առաջադրված թեկնածուներից շատերը դարձյալ հանրապետական են:
Ներկայումս իշխանությունների գերխնդիրը Շիրակում ԲՀԿ-ականների դերի նվազեցումն է: ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը կարողացել են ԲՀԿ-ն ամրացնելու ուղղությամբ զգալի քայլեր ձեռնարկել: Ուստի Գիզիրյանի անելիքներն իսկապես շատ են, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Գյումրու հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր վրա հայտնի կրակոցներից հետո նախկինի նման ՀՀԿ գովքը չի անում: Ընդհանուր առմամբ, Գիզիրյանի մարզպետ նշանակվելուց հետո քաղաքապետը հայտնվել է հետին պլանում:
Մարզում ՀՀԿ դիրքերն ամրացնելու նպատակ էին հետապնդում նաեւ ոստիկանական համակարգում կատարված փոփոխությունները: Արամ Տեր-Թովմասյանին փոխարինելու եկավ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության պետի նախկին տեղակալ, Աշոտ Գիզիրյանի մտերիմ Կարեն Բաբակեխյանը, ում անունն ավելի շատ հայտնի դարձավ մարտի 1-ի դեպքերից հետո: Այս զույգի գործուղումը Շիրակի մարզ պատահական չէ, եւ ուրեմն նրանք իրենց առաքելությունը կատարելու համար ջանք չեն խնայելու:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս