ՃՈՃԿԱՆՑՈՒ ՕՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հող ենք բեջարում, էս տարի էլ արեւածաղիկ ցանեցինք, բայց լավ օգուտ չարինք: Ջուր չտվին, 3000 դրամ էլ փող ուզին, բայց անցած տարի էլ, էս տարի էլ մի հետ էլ ա ջուր չեմ տեհել»,-ասում է ճոճկանցի 70-ամյա Վասիլ Հախվերդյանը: Ամեն առավոտ արթնանալուն պես կովերը տանում է արոտ: Իր եւ կնոջ համար ապրուստի հիմնական միջոցը կովերն են ու հողը:
Լոռու մարզի 504 տնտեսություն եւ 2135 բնակիչ ունեցող Ճոճկան համայնքում զբաղվում են այգեգործությամբ: Ցանում են հացահատիկային կուլտուրաներ, արեւածաղիկ: Զբաղվում են նաեւ անասնապահությամբ, սակայն վերջին տարիներին խոշոր եղջերավորների թիվը կտրուկ նվազել է: Համայնքապետ Սամվել Գիգոլյանը պատճառը գիտի. «Ընդամենը մի տարի առաջ կաթի գինը չնչին  էր, ջրի գնից էժան: Էդ պատճառով մարդիկ անասունները ծախեցին, հիմա գները մի քիչ կարգավորվել ա, ցանկություն կա, որ մարդիկ վերականգնեն անասնապահությունը, քանի որ անասնապահությունն էլի կայուն եկամուտ ա տալիս մարդկանց, քան թե բուսաբուծությունը կամ այգեգործությունը: Կա կարկուտի, երաշտի, ցրտահարության վտանգ»: Գյուղի տարածքում արոտավայրեր չկան: Ճոճկանի արոտավայրերը Լալվար սարի փեշերին են: Անասուններին ստիպված արածեցնում են սեփականաշնորհված ցանքատարածություններում:
Ճոճկանի համար լուրջ խնդիր է նաեւ 37 կմ ձգվող ներտնտեսային մաշված ոռոգման ցանցը: Դրա 3 կմ հատվածը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջոցներով վերանորոգվել է, սակայն մնացած հատվածում հարցը լուծված չէ:  Խնդիր է ոչ միայն ոռոգման, այլեւ խմելու ջուրը: «Մեծ խնդիր ա, իհարկե, մեզ համար: Այս տարի ծրագիր ունենք կառավարության աջակցությամբ, կարծեմ «Եվրասիա» հիմնադրամի միջոցով պետք ա գյուղը Ստեփանավանից բերվող ջրով ապահովվի»,-հույս է հայտնում համայնքապետը:
Թեեւ գյուղում մշակվող հացահատիկի, եգիպտացորենի եւ արեւածաղկի բերքը  գոհացուցիչ է, սակայն հարկերն ու տուրքերը ճոճկանցիները դժվարանում են մուծել: Ասում են, որ գյուղի ապագան այգին է: Խորհրդային տարիներին 1000-ավոր տոննաներով բերք են ստացել: Այսօր ճոճկանցիներն ընդամենը 100 հա այգիներ ունեն, ուզում են նորերը հիմնել, սակայն մթերման կայան չունեն:
Ճոճկանի դպրոցում սովորում է 235 աշակերտ: Ունեն նաեւ մանկապարտեզ, որտեղ նախադպրոցական կրթություն է ստանում 40 փոքրիկ: Եթե կարողանան գումար հայթայթել, կգործի նաեւ մսուր: Գյուղն ունի նաեւ երբեմնի շքեղ մշակույթի տուն, որն  այսօր անմխիթար վիճակում է: Գյուղապետի խոսքով` իշխանությունները տեղյակ են, սակայն ասում են, որ հիմնանորոգումը միլիոններ արժե, առավել առաջնային խնդիրներ կան: Հերթը դրան չի հասել:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս