Տարեվերջին քվեարկության արդյունքում ընտրվեցին Հայաստանի 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստները: Առաջատարն էր Հենրիխ Մխիթարյանը, ապա Յուրա Մովսիսյանն ու Ռոման Բերեզովսկին:
Հայկական ֆուտբոլի զարթոնքի մասին զրուցեցինք Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական հաղորդումների գլխավոր խմբագիր, մեկնաբան ՍԼԱՎԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
-Համաձա՞յն էիք տարվա լավագույն ֆուտբոլիստի ընտրության հարցում:
-Լիովին, այդ թերթիկներից մեկն էլ ես եմ լրացրել ու հենց էդպիսի դասավորությամբ էլ գրել էի անունները: Տղաների ավանդը մեծ է հավաքականում: Շատ թիմեր կերազեն այդպիսի ֆուտբոլիստներ ունենալ իրենց կազմում:
-Արդեն ակնհայտ է, որ մեզ մոտ էլ սկսել են լավ ֆուտբոլ խաղալ:
-Հայկական ֆուտբոլը սկսել է վերելքի ճանապարհը, հիմքն արդեն դրված է: Դրա ապացույցն է այս տարվա Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը, որում մենք միշտ պարտություն էինք կրում եվրոպական միջին կարգի հավաքականների հետ հանդիպումների ժամանակ, բայց հիմա մենք, փաստորեն, ոչ միայն հավասար պայքար մղեցինք, այլեւ 4:0 հաշվով հաղթեցինք Սլովակիայի նման թիմին: Մեր հաղթանակների շարքը պատահականություն չէր, այն շարունակվեց: Մեր տղաներն ապացուցեցին, որ ներուժ ունեն եւ կարող են հաջողությունների հասնել: Մի քիչ փորձի պակաս նկատվեց, որովհետեւ թիմի մեծ մասը երիտասարդներ են, չհաշված Սարգիս Հովսեփյանին ու Բերեզովսկուն: Երիտասարդների մոտ փորձի պակաս միշտ էլ լինում է: Վստահ եմ, որ մեր հավաքականն առաջիկայում հետաքրքիր ֆուտբոլ է ցույց տալու: Այսուհետ բոլոր հավաքականները սկսելու են մեր հետ այլ կարգի հաշվի նստել, շատ ավելի զգոն կլինեն: Մեր տղաները մի խաղով չապացուցեցին իրենց վարպետությունը, նրանք բավականին աճել են:
-Նոր մարզիչ ունենալուց հետո՞ մեր տղաները սկսեցին լավ խաղալ:
-Վարդան Մինասյանը մի առիթով ասաց, որ որպես մարզիչ` իր առաջադրանքներն է տալիս եւ ուղղումներ մտցնում տակտիկական ասպարեզում, բայց կատարողները հիմնականում ֆուտբոլիստներն են: Մարզիչն օգնում է նրանց լավ խաղալ: Ես արժանին եմ մատուցում Վարդանին, ինտելեկտով տղա է, բավականին փորձ ձեռք բերեց` աշխատելով արտասահմանից հրավիրված մասնագետների հետ: Ինքը ճիշտ կողմնորոշվեց, իր վարպետությունը փոխանցեց թիմին: Բայց առանց բարձրակարգ ֆուտբոլիստների մարզիչը ոչինչ անել չէր կարող: Այսօր ե՛ւ լավ մարզիչ ունենք, ե՛ւ լավ տղաներ:
-Լավ, իսկ ո՞րն էր մեր հավաքականի սխալը, ինչո՞ւ այսքան տարի հաջողությունների չէինք հասնում: Անդադար հիասթափվում էինք Հայաստանի հավաքականի խաղից: Հույսներս կտրել էինք, որ մի օր մեզ մոտ էլ ֆուտբոլ կխաղան:
-Ֆուտբոլն այնպիսի մարզաձեւ է, որ հաջողությունը միանգամից չի կարող գալ: Նույնիսկ կայացած ու տնտեսապես զարգացած երկրներում էլ լավ ֆուտբոլային թիմ ստեղծելու համար ժամանակ է պետք, առնվազն 4-5 տարի: Դե մեզ մոտ էլ գիտեք, անկախություն, հետո երկրաշարժ, Ղարաբաղ, երկիրն այն վիճակում էր, որ ռուսի ասած` «Было не до футбола»: Հիմա տնտեսական վիճակը բարելավվում է, եւ մենք տեսնում ենք արդյունքը: Մի գործոնը մյուսի հետ շատ կապված է:
-Ուզում եք ասել, որ ֆուտբոլիստների առաջխաղացումը կապված է երկրի ֆինանսական վիճակի հե՞տ:
-Այո՛: Եթե մարդ վատ է ապրում, նա իր երեխային չի տանի ֆուտբոլի: Ո՞նց կտաներ էն տարիներին, երբ մարդիկ բենզին չունեին, տրանսպորտն ել հոսանքազրկված տրամվայներն էին, որ անընդհատ կանգնած էին:
Հիմա ամեն ինչ ուրիշ է, անկախ պետություն ենք, ֆուտբոլի զարգացումը խթանում են: Այն ժամանակ մենք պետք է մի բան անեինք: Վերեւից իջեցված պետական գումարներ կային, որոնց հաշվին պետք էր մի բան անել, բայց բարդություններն էլ շատ էին:
Հիմա էլ մենք դեռ պատրաստ չենք բարձր մակարդակի առաջնություններ կազմակերպել: Իսկ երբ առաջնությունը բարձր մակարդակի չէ, թիմերն էլ չեն կարող վարպետություն ձեռք բերել: Դրա համար հիմա մենք պետք է զարգացնենք մանկապատանեկան ֆուտբոլը, լավ մարզադպրոցներ ունենք: Եւ Հայաստանի առաջնություններում մասնակցելուց հետո նրանց պետք է ուղարկել ուժեղ լիգաներ, բարձր առաջնությունների, գոնե Ռուսաստան, Ուկրաինա, որպեսզի իրենք կարողանան իրենց վարպետությունը կատարելագործել: Դա միայն կնպաստի մեր հավաքականի ուժեղացմանը:
-Մի քիչ վտանգավոր չէ՞, որ մեր լավ ֆուտբոլիստներին դուրս են տանում:
-Ընդհակառակը, դա մեծ առավելություն է: Ինչքան բարձր թիմերում լավ ֆուտբոլիստներ ունենանք, մեր հավաքականն այդքան ուժեղ կլինի: Սրանք են ֆուտբոլի զարգացման ճանապարհները:
-Իսկ եթե գնան ու էլ չցանկանա՞ն հետ վերադառնալ:
-Նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եւ ուրիշ երկրի հավաքականներում իրավունք չունեն խաղալու: Ակումբներում կարող են:
-Գիտեմ, որ ժամանակին Դուք էլ եք ֆուտբոլ խաղացել: Ինչո՞ւ չշարունակեցիք:
-Ես Վրաստանում եմ խաղացել, պատանեկան հավաքականներում: Ինձ հիմնականում վնասվածքներն են խանգարել: Հետո էլ, եթե բոլոր ֆուտբոլ խաղացողները դառնան ֆուտբոլիստ, տեղ ու դադար չի լինի:
«Ե՛Վ ԼԱՎ ՄԱՐԶԻՉ ՈՒՆԵՆՔ, Ե՛Վ ԼԱՎ ՏՂԱՆԵՐ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ