Իմ բիզնեսի մասին կարող եք իմանալ հայտարարագրից. ՀՀ վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի մեկնարկից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ՀՀ կառավարության նոր նախագիծը` ՓՄՁ-ների վերաբերյալ, միտված է բոլոր ձեռնարկատերերին հարկային դաշտ մտցնելուն:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ինքը ինչ է նկատի ունեցել` ասելով սկսելու է իրենից, վարչապետը պատասխանեց, որ իր խոսքը վերաբերել է իր յուրայիններին:

«Իմ բիզնեսի մասին կարող եք իմանալ հայտարարագրից: Ինձանից սկսած` եթե ես չզբաղվեմ, որևէ չինովնիկ չի կարող զբաղվել: Իսկ իմ բիզնեսները ես նվիրել եմ»,- ասաց վարչապետը` հրաժարվելով պատասխանել, թե ում է նվիրել իր բիզնեսները:

Լրագրողի այն դիտարկմանը, թե սովորական շարքային քաղաքացին կարող է Սամվել Ալեքսանյանի կամ  ՀՀ ֆինանսների նախարարի հետ նույն ձևով աշխատել, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ֆինանսների նախարարը ի՞նչ գործ ունի դրա հետ: Դուք հաստատ գիտե՞ք, որ նա խոշոր գործարար է: Դուք թյուր տեղեկատվություն եք տարածում»,- ասաց վարչապետը, որին հաջորդեց լրագրողի հետևյալ հարցը. «Ի՞նչ է արել Գագիկ Խաչատրյանը իր բիզնեսները»: Վարչապետը պատասխանեց. «Անհիմն հարցեր եք տալիս: Պրովոկացիա մի՛ արեք: Որևէ մեկը, ով բիզնեսներ ունի, չի կարող նման պաշտոն զբաղեցնել»: ՀՀ վարչապետը նշել է նաև, որ իր խնամի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս պետք է աշխատի այնպես, ինչպես բոլորն են աշխատում` հավասար պայմաններում:

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի դիտարկմանը, որ Հայաստանը պետք է համագործակցի և՛ ԵՄ, և ՄՄ հետ, վարչապետ Աբրահամյանը նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը միշտ էլ ասել է, որ մենք պետք է ձգտենք դրան. «Մենք դա միշտ հնչեցրել ենք բոլոր ատյաններում: Եվ ես հիմա կրկին հիշեցնում եմ, որ մենք միշտ աշխատել ենք, աշխատելու ենք Եվրամիության հետ»,- շարունակելով խոսքը` ասաց վարչապետը:




Լրահոս