Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ժան- Միշել Հափին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ՀԲ-ի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը եւ վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու ձեռքբերումները եւ արձանագրելու նոր հաջողություններ:

ՀԲ տարածաշրջանային տնօրենն իր հերթին շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել բեղմնավոր աշխատանք: Հենրի Քերալին ընդգծել է, որ Համաշխարհային բանկը ՀՀ-ի հուսալի գործընկերն է, եւ Հայաստանը վարկային պորտֆելի կատարողականի առումով լավագույն երկրներից է: Պարոն Քերալին վստահեցրել է, որ ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում եւ հասնել փոխգործակցության ավելի բարձր մակարդակի:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն – Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի 2014-2017 թթ. երկրի գործընկերության ռազմավարության առաջնահերթություններին եւ ընթացիկ ծրագրերին: Այս համատեքստում արծարծվել են  պետական կառավարման համակարգում, տեսչական, քաղաքացիական ավիացիայի, հարկային եւ մի շարք այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող մանրամասներ:




Լրահոս