«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գեներալ Մանվել Գրիգորյանը արդարացիորեն կարող է հավակնել ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքագիտական կոչումների, քանզի Երկրապահի համագումարում հնչեցրած «վերջին բոլշեւիկ» արտահայտությունը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հասցեին ասված թերեւս ամենադիպուկ քաղաքական բնութագիրն է: Տարօրինակ զուգադիպություն է, թե ծրագրված քաղաքականություն, բայց փաստ է, որ Ս.Սարգսյանն իրոք իրեն պահում է վերջին բոլշեւիկի նման, եւ եթե անձամբ ոչ ինքը, ապա իր շրջապատը ամեն քայլափոխի է ապացուցում այդ «բոլշեւիզմը»: Ահավասիկ Երեւանի ավագանու որոշումը` «Գնդակահարվող հայերի թիվը պետք է ավելացնել» տողերի հեղինակ Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու մասին, հավանաբար վերջին շտրիխն էր, որն ամբողջացրեց ցեղակրոն ՀՀԿ-ի սովետական դեմքը: Կամ թե Երեւանում փողոց են վերանվանում Խորհրդային Հայաստանի ղեկավարներից` Անտոն Քոչինյանի անվամբ, ում իշխանության տարիներին են հենց կալանավորվել ու երկարատեւ ազատազրկման դատապարտվել ՀՀԿ հիմնադիրներ Աշոտ Նավասարդյանն ու Անդրանիկ Մարգարյանը: Հետաքրքիր է՝ հիմա ՀՀԿ-ն իր հիմնադիրներին ազատազրկողների արձանները կանգնեցնում է, որ ինչ անի: ՀՀԿ-ի որոշումները թերեւս ընդունելի կլինեին մի պարագայում, երբ այս ամենը մատուցվեր որպես սերունդների համերաշխության, քաղաքական հանդուրժողականության, ազգային արժեքների վերագնահատման հարցերում իշխող ուժի որդեգրած պետականամետ մոտեցում, այլ ոչ թե Անաստաս Միկոյանի թոռան եւ Երեւանի գլխավոր ճարտարապետի «պատահական հանդիպման» արդյունքում կայացված որոշում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: