ՀԱՐՑ. Հանրապետության երկաթուղային ցանցի ընդլայնման խնդիրը պարբերաբար քննարկվում է, սակայն ցավոք, երբ խոսքը հասնում է ներդրումներ կատարելու անհրաժեշտությանը, ամեն ինչ շատ արագ մոռացվում է: Հայտնի է նաեւ, որ «Հայկական երկաթուղի»-ն պարբերաբար հայտարարում է իր առաջընթացի եւ զարգացման մասին: Հետաքրքիր է` արդյո՞ք երկաթուղային ցանցի ընդլայնման գործնական ծրագրեր կան, եւ այդ առումով այս տարվա ընթացքում ինչ-որ քայլեր նախատեսվո՞ւմ են:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե քաղաքացին նկատի ունի անմիջապես ենթակառուցվածքի ընդլայնումը, ապա նմանատիպ միտումներ այս տարի չկան: Եթե նկատի ունի նորոգությունները, ինչպես ուղեւորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների ոլորտում, ապա անշուշտ այդ աշխատանքը կատարվում է վերջին երեք տարիների ընթացքում եւ միանշանակ շարունակվելու է 2012-ին: Երկաթուղային ցանց ընդլայնելը բավականին բարդ գործընթաց է, եւ այն անմիջապես պետք է կապակցվի մի շարք պետական ծրագրերի հետ: 2011թ-ի վերջին եղավ տեղեկատվություն այն մասին, որ մոտակա տարիների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանը կկապվի Չարբախի մետրոպոլիտենի հետ: Եւ նախատեսված է, որ աշխատանքների մեծ մասն իր վրա կվերցնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ն` համապատասխան ներդրումներով եւ շինարարական աշխատանքներով: Այսինքն` «Հարավկովկասյան երկաթուղի»-ն այսօր ավելի շատ շեշտադրումը դնում է նոր ուղղությունների բացման, ոչ թե ենթակառուցվածքների ընդլայնման վրա: Ենթակառուցվածքները միշտ էլ եղել են մնայուն, պարզապես այդ ենթակառուցվածքների շրջանակներում ստեղծվել են նոր ուղղություններ, ինչն էլ մենք այժմ անում ենք: Եւ այս վերջին երեք տարիների ընթացքում բացեցինք շատ ուղղություններ, ինչպիսիք են Երեւան-Արարատ, Երեւան-Արմավիր, արագությունը բարձրացավ Երեւան-Գյումրի, Երեւան-Երասխ ուղղություններում: Այնպես որ, առաջին հերթին պետք է խոսք լինի նոր ուղղությունների բացման, ոչ թե երկաթուղային ցանցի լայնացման մասին:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թերեւս նոր ուղղությունների բացումը կամ երթուղային ցանցի ընդլայնումը նույն կերպ կարելի է հասկանալ: Պարզ է, որ մեր ժամանակներում գնացքով երթեւեկելու անհրաժեշտությունը` պայմանավորված համեմատաբար ցածր ուղեվարձով, մեծացել է, ու մարդիկ ձգտում են հայկական երկաթուղին հնարավորինս մեծ աշխարհագրությամբ տեսնել` անհրաժեշտության դեպքում հատկապես այս փոխադրամիջոցից օգտվելու համար: