ՀԱՐՑ. ԼՂՀ-ում գործո՞ւմ են ապահովագրական ընկերություններ: Եթե գործում են, ապա նո՞ւյն պայմաններն են, ինչ-որ Հայաստանում: Դժգոհություններ հաճա՞խ են լինում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, ապահովագրական ընկերություններ Ղարաբաղում նույնպես գործում են: Իրարից գրեթե ոչնչով չեն տարբերվում եւ նույն դաշտում են գտնվում: Քանի որ տնտեսությունները սերտ ինտեգրված են, հետեւաբար պետք է այնպես լինի, որ մարդկանց համար դժվարություններ չստեղծվեն: Եթե արցախցիների մի պատկառելի մասն իրենց մեքենաներով պարբերաբար այցելում է ՀՀ տարբեր քաղաքներ, հետեւաբար նաեւ ապահովագրական դաշտը պետք է լինի կա՛մ նույնը, կա՛մ էլ շատ ինտեգրված: Եւ սա է հիմնական փիլիսոփայությունը, որ ԼՂՀ իշխանությունները եւ այդ ապահովագրական դաշտում գործող ընկերությունները որդեգրել են: Դժգոհություններ միշտ էլ կան, ուղղակի այդ դժգոհությունները պետք է հաշվի առնել եւ համակարգն ավելի կատարելագործել: Իհարկե, կան մարդիկ, որոնք համարում են, որ այդ համակարգն ունի բազմաթիվ թերություններ, կան նաեւ մարդիկ, որ շատ գոհ են: Մի խոսքով, եթե դժգոհություններ կան, ապա դա նորմալ երեւույթ է մեզ համար: Իմ կարծիքով, եթե դժգոհություններ կան, եւ կան դրանք վերացնելու ռացիոնալ մոտեցումներ, ապա անպայման պետք է հաշվի առնել, քանի որ կա այսպիսի մի շուկայական տնտեսության բանաձեւ` հաճախորդը միշտ իրավացի է: Եւ այս առումով պետք է հաշվի առնենք բոլոր գործընթացները, որպեսզի թեթեւացնենք մարդկանց հոգսերը, որպեսզի նրանք ավելորդ դժվարությունների չհանդիպեն:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԼՂՀ պետհամարանիշերով մեքենաները որքան էլ ժամանակին արտոնյալի կարգավիճակով երթեւեկեին ՀՀ տարածքում, միեւնույն է, օրերս տեղադրված տեսախցիկները հազիվ թե տարբերակումներ մտցնեն: Ամեն դեպքում, ցանկալի կլիներ, որ մեքենաների ապահովագրության վճարաչափերը ԼՂՀ-ում ավելի ցածր լինեին, քան ՀՀ տարածքում: