Դեռ չեմ հասցրել հարցերին լավ ծանոթանալ. Հովհաննես Մանուկյանն ԱԺ-ում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր անցկացնում էր իր հերթական նիստը, որին ներկա էր նաև  ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը:

Օրակարգում  «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» և «Վարչական դատավարության օրենսգրքերում» լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծերը: Նախագծերը ենթադրում են խմբային հայցի ինստիտուտի ներդրման և կիրառման հետ կապված մանրամասներ:

«Ես այսուհետ կաշխատեմ մաքսիմալ իմ ներկայությունն ապահովել, բայց այսօր փոխնախարարները կներկայացնեն քննարկվող հարցերը, քանի որ ես դեռ չեմ հասցրել դրանց լավ ծանոթանալ»,- նշեց արդարադատության նախարարը:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ գուցե ճիշտ կլիներ այս հարցերին անդրադառնալ ավելի ուշ, սակայն նախագիծն արդեն իսկ մեկ տարով հետաձգվել էր և հետաձգելու այլ ժամկետ չկար: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ առաջարկեց հարցը ներառել մեծ օրակարգ ու ավելի հանգամանորեն քննարկել բոլոր հարցերը:

«Առաջարկին չենք առարկում` մտցնենք մեծ օրակարգ, բայց քառօրյայի օրակարգ չընդգրկենք»,- ասաց Հովհաննես Մանուկյանը: Նման կերպ քննարկվեցին և մեծ օրակարգ ընդգրկվեցին մի շարք այլ նախաձեռնություններ ևս:

Պետք է նշել, որ  հետաձգելու ժամկետները լրացել էին, և հարցերը մեծ օրակարգում չընդգրկելու դեպքում` դրանք մեխանիկորեն դուրս էին մնալու: 




Լրահոս