«Ձեր գործը կրթությունն է, ոչ թե ՀՀԿ-ի շահերն ու տեսակետները խորհրդարանում, ֆեյսբուքում արտահայտելը: Դրանից կրթությունը տուժում է: Իսկ ես մտահոգ եմ կրթության համար, ոչ թե՝ ՀՀԿ-ի»,-այսօր Ազգային ժողովում «Կրթության» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ Կրթության և գիտության նախարարին դիմեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Չեմ կարող դրան չպատասխանել, եթե չպատասխանեմ այստեղ, ֆեյսբուքում կգրեմ: Այդ դուք եք ինձ հիշեցնում, որ ես ՀՀԿ-ական եմ, դուք եք հանրապետականացնում իմ ելույթները, գործունեությունը, դուք եք ամեն ինչ անում, որ ինձ կրթության խնդիրներից տեղափոխեք քաղաքական դաշտ: Երևի կրթության խնդիրներն այնքան գրավիչ չեն, որքան քաղաքական խնդիրները, բայց մի՛ մեղադրեք, որ ես եմ դա անում: Ես գալիս եմ այստեղ զտարյուն կրթական նախաձեռնություններով, ոչ մի օրենքի տակ չկա քաղաքականություն», – նշեց նա:
Աշոտյանն ընդգծեց, որ ԿԳ նախարարության կողմից ներկայացված փաստաթղթերը բխում են ՀՀԿ-ի ծրագրից: «Այսքանն է իմ կապը որպես նախարար՝ մինչև ժամը 6-ը կուսակցության հետ: Թե դրանից հետո ես ի՞նչ կանեմ, շաբաթ կիրակի՝ որպես կուսակցական, որպես քաղաքացի ինչ կանեմ, իմ անձնական գործն է, մի՛ սահմանափակեք այն ըմբոշխնելու իմ ազատությունը», – հայտարարեց Աշոտյանը:
Արամ Մանուկյանն էլ հակադարձեց, թե Աշոտյանն իրեն բացարձակ չի կարող խանգարել, կարող է խանգարել կրթության համակարգին:
«500 հազար աշակերտի համակարգում ՀՀԿ-ական նախարարի գործունեությունը հակացուցված է, օրինական է, օրենքը չի արգելում ձեզ, բայց իմ ասածը մտահոգություն է, իրավունք չունեք կուսակցական գործունեությամբ զբաղվել, ու դուք կուլ եք տալիս այն կուտը, որը ձեզ տալիս են, և ամբողջ օրը դրա հետ եք կռիվ տալիս», – հայտարարեց Մանուկյանը:
Աշոտյանն էլ խոստովանեց. «Լինում են դեպքեր, երբ ես իմ քաղաքական գործունեության մեջ կուտ եմ ուտում, բայց եթե վերջնահաշվարկ անեմ հենց հիմա, կստացվի, որ ես ավելի հաճախ կուտ եմ տվել, քան կուտ եմ կերել»: