Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությունը, ի թիվս այլ խնդիրների, առաջացրել է Հայաստանի և Արցախի միջև մաքսակետի հիմնել-չհիմնելու հարցը:
Armlur.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատյանը կարծիք հայտնեց, որ Արցախի և Հայաստանի միջև մաքսակետի տեղադրումից հետո խնդիրներ կարող են առաջանալ թե´ Հայաստանի, թե´ Արցախի համար:
«Օրինակ՝ Հայաստանի սահմանը հատելուց և Արցախ ապրանքներ տանելուց հետո պետք է համապատասխան ձևակերպումներ լինեն»,- մանրամասնեց տնտեսագետը:
Վերջինս կարծում է, որ Արցախի և Հայաստանի միջև մաքսակետի հարցը բարձրացվել է մաքսային գոտում գտնվող երկրների կողմից: «Մաքսակետի հարցն ունի քաղաքական, ոչ թե տնտեսական նշանակություն, քանի որ Մաքսային գոտում գտնվող երկրներն ունեն իրենց քաղաքական ու տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետ: Իսկ Բաքուն միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնում է Արցախի հետ անընդունելի քաղաքական և տնտեսական հարաբերությունների մասին»,- հիշեցնում է Վահագն Խաչատրյանը:
Մեր զրուցակիցը կարծում է, որ մեր իշխանությունները պետք է ներկայացնեն Հայաստանի` Մաքսային միության անդամակցության հետ կապված իրական հարաբերություններն ու խնդիրները, ինչպես նաև՝ Մաքսային միության անդամ երկրներին ներկայացնեն Հայաստանի և Արցախի միջև ապրանքաշրջանառությունը, ԼՂ-ի ակնկալիքները՝ ապրանքների արտահանման հետ կապված, որից հետո՝ գտնել խնդրի լավագույն լուծումը: «Մերոնք հիմա աճպարարությամբ են զբաղվում, խնդիր կա, բայց ասում են չկա»,-ասաց պրն Խաչատրյանը:
Ի դեպ, 2013-ին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 5,9 մլրդ, իսկ Արցախի արտաքին ապրանքաշրջանառությունը՝ 330 մլն դոլար:
Armlur.am-ի հետ զրույցում Արցախի վարչապետ Արա Հարությունյանի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը վերահաստատեց Արա Հարությունյանի՝ մի քանի անգամ հնչեցրած դիրքորոշումը, այն է` Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ չի լինելու. դա անթույլատրելի է ու անհնար: «Իսկ թե իրավական հարաբերություններն Արցախի և Հայաստանի միջև ինչպես են լուծվելու, Արցախն ինչպես է լուծելու մաքսակետի հարցը, դա արդեն իրավական խնդիր է, բայց այն, որ Արցախը չի լինելու Մաքսային միության անդամ, փաստ է»,- փոխանցեց մամլո խոսնակը:
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման ու ինտեգրման դեպարտամենտի միջազգային փոխգործակցության բաժնի պետ Անտոն Ազարովի այն հայտարարությանը, թե Եվրասիական միության սահմանը կանցնի Հայաստանի Հանրապետության ընդունված ներկայիս սահմանով, Ազարովի այդ հայտարարությունը, ըստ Բեգլարյանի, դեպարտամենտի դիրքորոշումն է:
Սոնա Դավթյան