Հետո չասե՛ք, թե չեմ զգուշացրել. Փաշինյանը` Աշոտյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ի արտահերթ նիստին այսօր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջև բանավեճ տեղի ունեցավ:

Նախարարը ներկայացնում էր «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունները: Ըստ դրանց` պարտադիր է դառնում 12-ամյա կրթությունը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց երեկ ԵՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպերը, երբ ահազանգ էր եղել, որ ուսխորհրդի նախագահ է ուզում դառնալ ՀՀԿ անդամը:

«Արդեն հայտնի պատմությունների հերոսներից մեկը գործուղվել է այնտեղ՝ հանրապետականացնելու նաև այդ մասնաճյուղը: Բարեբախտաբար, ընտրությունները ձախողվել են», – նշեց նա, հավելելով, թե, փաստորեն, իր և նախարարի նախորդ քննարկումներից որևէ հետևություններ չեն արվել:

Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ կպատասխանի թեմայից դուրս հարցին, քանի որ ընդգծված ջերմ վերաբերմունք ունի Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղու նկատմամբ, ու քանի որ նա առաջինն էր հերթագրվել:

Նրա համար զավեշտալին այն էր, որ իրեն մեղադրում են բուհերը հանրապետականացնելու մեջ, մյուս կողմից՝ խնդրում են այն կանխել. «Կողմնորոշվե՛ք՝ ես որ դերում եմ: Չեմ կարծում, որ նախարարը պետք է խառնվի ինչ-որ բուհի մասնաճյուղի ներքին գործերին: Ի՞նչ է նշանակում՝ եթե ուսխորհրդի նախագահը ՀՀԿ-ական է, ուրեմն չպետք է մասնակցի ընտրության: Ի դեպ, մի քիչ էլ ուռճացված ահազանգ էր», – հայտարարեց ենա:

Նիկոլ Փաշինյանը շարունակեց՝ ասելով. «Փորձեմ մեկ րոպեում արձագանքել ձեր կեսժամանոց ճառին: Ես ձեզանից ու ձեր իշխանություններից ոչինչ չեմ ուզում: Կասեցրե՛ք ձեր ուսանողական բանդաների քայլերը, հակառակ դեպքում քաղաքացիները դա կանեն իրենց հասու մեթոդներով: Ես դա ձեզ զգուշացնում եմ, հետո չասե՛ք, թե չեմ զգուշացրել»:

Արմեն Աշոտյանն  արձագանքեց. «Ես ձեր զգուշացումների կարիքը չունեմ, հարգելի՛ պատգամավոր: Չեմ էլ թույլ տա համակարգի մասին խոսել քողարկված սպառնալիքների լեզվով: Մեր խոսակցության այս տոնը հարիր չէ ո՛չ ձեզ՝ որպես խոստումնալից քաղաքական գործչի, ո՛չ էլ ինձ՝ որպես նախարար:  Իսկ բանդաների մասին եկեք չխոսենք, քանի որ ամոթ է, նման բառամթերքով արտահայտված մտքերին չեմ արձագանքի», – հայտարարեց նա:




Լրահոս