Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ է սիրում ՀՀ երկրորդ քաղաքի մասին խոսելիս՝ օգտագործել «հայրաքաղաք» բառը: Դա որոշակիորեն անդրադարձել է նրա որդու` Սպարտակ Ղուկասյանի մտածողության վրա, որն այդ ձեւակերպումն ընկալել է բառի ուղղակի իմաստով: Ասելով հայրաքաղաք` նա հասկանում է սեփական հոր քաղաքը եւ այդ քաղաքում ինչ ուզում` անում է. օրը ցերեկով մարդկանց վրաերթի է ենթարկում, կրակում հայրաքաղաքի փողոցներում եւ այլն: Օրերս էլ հայտնի դարձավ, որ Ղուկասյան կրտսերը մի քանի տասնյակ քրեական տարրերի ու օրենքով գողերի զավակների հետ Գյումրիի ռեստորաններից մեկում կերուխումից հետո բերման է ենթարկվել ոստիկանության մարզային վարչություն: Այս միջադեպի կապակցությամբ, սակայն, ոստիկանությունից պարզաբանել են, թե դա ուղղակի պրոֆիլակտիկ միջոցառում է եղել: Այսինքն, ոստիկանության բառապաշարով ասած` քրեածին աշխարհի ներկայացուցիչներին մեր փառապանծ ոստիկանությունը տարել է քաղմաս, խուզարկել եւ համոզվելով, որ նրանք այդ պահին այնքան էլ քրեածին չեն, բաց է թողել: Չխորանալով ոստիկանների` նման եզրահանգման պատճառների մեջ (որոնցից մեկը կարող էր լինել, ասենք, համապատասխան զանգը համապատասխան տեղից)` նշենք, որ կոնկրետ Սպարտակ Ղուկասյանի դեպքում լավագույն պրոֆիլակտիկան այն կլիներ, եթե Գյումրին դադարեր նրա հոր քաղաքը լինելուց: Իսկ դրա համար ուղղակի անհրաժեշտ է, որ իրավապահները վերջապես սկսեն լրջորեն զբաղվել Վարդան Ղուկասյանի գործունեությամբ: Սակայն այդ մասշտաբի «պրոֆիլակտիկ» օպերացիայի համար ոստիկանությանն անհրաժեշտ է ստանալ անձամբ Սերժ Սարգսյանի «դաբրոն», ով, եթե հիշում եք, Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված ելույթում հայտարարեց. «Իր արածի ու չարածի համար պատասխանատու է մեզանից յուրաքանչյուրը` յուրաքանչյուր հանրապետական: Պատասխանատու է ոչ միայն կուսակցության, այլեւ երկրի առջեւ: Ավելին, պատասխանատու է ոչ միայն սեփական վարքի, այլեւ իր ենթակաների, նաեւ` իր ընտանիքի անդամների վարքի համար»: Վարդան Ղուկասյանը հանրապետական է, այն էլ ոչ թե սովորական, այլ ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահը: Իսկ Սպարտակ Ղուկասյանն էլ նրա ընտանիքի անդամն է` այն էլ ոչ թե սովորական, այլ օրումեջ ոստիկանական «սվոդկաներում» հայտնվող որդին: Հիմա ի՞նչ է ստացվում. եթե Հանրապետականներն առաջնորդվում են իրենց նախագահի խոսքով, ապա պարզ է ու հստակ, որ Վարդան Ղուկասյանը պետք է պատասխան տա ոչ միայն կուսակցության, այլեւ երկրի առջեւ: Իսկ եթե ոչ, ապա կստացվի, որ Հանրապետական կուսակցությունում սեփական նախագահի խոսքը «ասնավանի» չէ: Այնպես որ` Սերժ Սարգսյանը պետք է կողմնորոշվի, թե ինչն է փոխում` իր շրջապատը, թե ելույթները գրողին:
ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ԵԼՈՒՅԹՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ