Թուրքական բազմահազարանոց ցույցը Փարիզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի տարբեր երկրներից հազարավոր թուրքեր, հավաքվելով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, զանգվածային ցույց են անցկացրել՝ դատապարտելով օրենքի այն նախագիծը, որի ընդունման դեպքում Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում կհամարվի քրեական հանցագործություն։ Ծածանելով թուրքական, ալժիրյան և ադրբեջանական դրոշներ` ցույցի մասնակիցները շարժվել են դեպի Սենատի շենք, որտեղ երկուշաբթի անց է կացվելու օրինագծի ընդունման շուրջ քվեարկությունը։  Դեկտեմբերին այն արդեն հաստատվել էր խորհրդարանի ստորին պալատում։ Ցուցարարները կրել են “”Ո՛չ Սարկոզիի ամոթալի օրենքին””, “”Պատմությունը՝ պատմաբաններին, քաղաքականությունը քաղաքական գործիչներին”” կոչերով պաստառներ։ Թուրք ցուցարարները հայտարարել են, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս օրենքն ընդունելու եղանակով փորձում է նախագահական ընտրությունների համար “”որսալ հայերի ձայները””։Օրենքն, ընդունվելու դեպքում, նախատեսում է մինչև մեկ տարվա ազատազրկում և մոտ 59 հազար ԱՄՆ դոլարի տուգանք նրանց նկատմամբ, ովքեր կժխտեն Օսմանյան կայսրությունում 1915 թվականից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը, այնպես, ինչպես օրենքը պատժում է Հրեական ողջակիզումը ժխտող անձանց։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք օրինագիծը կհաստատվի Սենատում այնքան հեշտությամբ, ինչպես տեղի ունեցավ Ազգային ժողովում։ Սենատը գտնվում է ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության վերահսկողության ներքո, որի անդամները նախկինում աջակցել են օրինագծին։ Սակայն Սենատի սահմանադրական հարցերով հանձնաժողովն անցյալ շաբաթ դեմ քվեարկեց օրինագծին՝ հայտարարելով, թե այն վտանգի տակ է դնում խոսքի ազատության իրավունքը երկրում։ Եթե սոցիալիստները հրաժարվեն ընտրություններից առաջ կառավարող կուսակցության դեմ ամեն եղանակով պայքարելու մտադրությունից ու չքվեարկեն օրինագծի դեմ, այն կընդունվի նաև վերին պալատում։  




Լրահոս