Եվրամիությունում է՞լ են սպասում Հայաստանին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` օրերս Երևանում արած հայտարարությունը, թե ինքը փորձում է հասկանալ, այլ ոչ թե դատապարտել  Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը, բնականաբար  որոշակիորեն արտացոլում էր նաև ԵՄ ընդհանրական մոտեցումը: Առավել ևս, որ Ֆրանսիայի նախագահն ավելի առաջ գնաց և հայտարարեց,  թե  «պետք է գտնել Եվրամիության հետ ասոցացվելու խելացի մոդել, որը չի հակասի Մաքսային միության հետ անդամակցությանը»:

Եվ երեկ այս կապակցությամբ ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոյի՝  «Ազատության՚ հետ զրույցում արած հայտարարությունը, ըստ էության, Օլանդի ասածի շարունակությունն էր: Ֆյուլեի խոսնակը, մասնավորապես, նշել  էր. «Մենք սպասում ենք մեր հայ գործընկերներին, որոնք պետք է ներկայացնեն բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, որպեսզի մենք կարողանանք անցնել հաջորդ փուլ և քննարկել հարաբերությունների նոր իրավական հիմքերը»:

Նկատենք, որ եթե սեպտեմբերի 3-ից հետո  Եվրոպայի արձագանքը  շատ ավելի կտրուկ էր և կատեգորիկ, ապա  հիմա, հատկապես ուկրաինական զարգացումներից հետո, կարծես թե  այդ  կատեգորիզմը թուլացել է և ի հայտ է եկել  համագործակցության վերսկսման  տեսանելի պատրաստակամություն: Ըստ ամենայնի` Եվրամիությունում կամաց- կամաց հանգում են այն եզրակացության, որ «ամեն ինչ կամ ոչինչ» բանաձևը  Ռուսաստանի շահերին առնչվող հարցերում չի կարող աշխատել, և այս դեպքում մասն ավելի լավ է, քան ոչինչ:

Ընդհանրապես այն, ինչ կատարվեց  և՛ Ուկրաինայի, և՛ Հայաստանի դեպքում` Եվրամիության ընդլայնման քաղաքականության ոչ գրագետ իրագործման հետևանք էր: Եվ եթե կոնկրետ Ուկրաինայի դեպքում իրավիճակը և շահերի մասշտաբն այլ էր, ապա Հայաստանում ԵՄ-ն  կարող էր հասնել լիարժեք հաջողության, եթե  շրջանառության մեջ չդներ «կամ-կամ»-ի` ուլտիմատումային սկզբունքը:

Նկատենք, որ Հայաստանի` ԵՄ հետ   բանակցությունների գրեթե ողջ ընթացքում Ռուսաստանը որևէ անգամ հանդես չեկավ փոխադարձ «կամ-կամ»-ային վերջնագրով: Ընդհակառակը, գոնե հրապարակային տիրույթում ՌԴ իշխանությունների դիրքորոշումը բավականին տոլերանտ էր: Եվ դրան ԵՄ-ն պետք է հակադրեր հենց համարժեք քաղաքականություն, որի դեպքում Հայաստանն ուղղակի   տրամաբանական պատճառաբանություն չէր կարող ունենալ` ԵՄ հետ ասոցացումից հրաժարվելու համար:

Իհարկե, տեսակետ կա, որ այդ մեզ էր պետք ԵՄ հետ ասոցացումը, և ոչ թե ԵՄ-ին, հետևաբար Եվրոպան նման քաղաքական կոմբինացիաների խնդիր չուներ: Ուկրաինայի դեպքերը, սակայն, Արևմուտքին  ցույց տվեցին, որ այսօր Հայաստանը Եվրամիությանը պետք է ոչ պակաս, քան ԵՄ-ն` մեզ:  Եվ սա այն դեպքն է, երբ գործում է հայտնի իմաստնությունը` լավ է ուշ, քան երբեք:




Լրահոս