Գործող վարչախմբի գործունեության հետեւանքով երկիրը հայտնվել է աղետալի վիճակում: Այդ մասին ասվում է Հայաստանի ժողովրդական կուսակցության 8-րդ համագումարի հայտարարության մեջ:
«Արձանագրելով, որ գործող վարչախմբի գործունեության հետեւանքով երկիրը հայտնվել է աղետալի վիճակում, համագումարը նշում է, որ երկրին անհրաժեշտ են արմատական, համակարգային փոփոխություններ եւ դրա համար անհրաժեշտ է հասարակական, քաղաքական ուժերի լայն համախմբում։
Առաջնահերթ խնդիր է մնում ժողովրդավարական ընտրությունների միջոցով օրինական իշխանության ձեւավորումը, ոչ թե սահմանադրական փոփոխությունների իրականացումը։ ՀԺԿ-ն մերժում է սահմանադրությունը բազմիցս խախտած վարչախմբի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները:
Երկրում առկա համակողմանի ճգնաժամը պայմանավորված է ոչ թե սահմանադրության անկատարությամբ, այլ սահմանադրության ոտնահարմամբ։
Պետք է կյանքի կոչվի սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածը, համաձայն որի ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով, ինչը հիմք կհանդիսանա երկրում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացման, մարդկանց մեջ վաղվա օրվա նկատմամբ հավատի վերականգնման եւ երկրի կայուն զարգացումն ապահովելու համար»,- նշել են համագումարի պատվիրակները։
Նշենք, որ այսօր՝ մայիսի 16-ին կայացել է Հայաստանի ժողովրդական կուսակցության 8-րդ համագումարը, որին մասնակցել են կուսակցության մոտ 150 անդամներ:
Համագումարն ընտրել է քաղաքական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել էր ԱԺ նախկին պատգամավոր Գրիգոր Հարությունյանը, ԿԸՀ նախկին անդամ Ֆելիքս Խաչատրյանը եւ այլք: Համագումարի պատվիրակների միաձայն որոշմամբ կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվել է Ստեփան Կարենի Դեմիրճյանը: