Քննարկվել են ամառային զորակոչի խնդիրները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2013թ. ձմեռային զորակոչի արդյունքները, քննարկվել ու առաջադրվել են 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման եւ անցկացման հետ կապված խնդիրներ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, հանրապետական զորակոչային հանձնաժողովի անդամները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինկոմներն ու զինկոմիսարիատների աշխատակիցներ, բուժհանձնաժողովների անդամներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ զինված ուժերի կարեւորագույն գործընթացներից մեկը նրա համալրումն է: Վերջին տարիներին զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել գործընթացի իրականացումը, մշակվել եւ իրագործվել են մի շարք բարեփոխումներ:

Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Խոսելով 2013թ. ձմեռային զորակոչի արդյունքների եւ 2014թ. ամառային զորակոչի խնդիրների մասին, Յուրի Խաչատուրովն ընդգծել է զորակոչի թե դրական դրսեւորումները եւ թե որոշակի բացթողումները: Փաստելով, որ նախորդ զորակոչին առաջադրված խնդիրներն ընդհանուր առմամբ կատարվել են, Յուրի Խաչատուրովն անդրադարձել է զորակոչվածների թվաքանակի, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, ոչ շարային եւ շարային ծառայության զորակոչվածների վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների ու բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին: ԶՈւ գլխավոր շտաբի պետը մատնանշել է զորակոչի ընթացքում առավել արդյունավետ աշխատած եւ աչքի ընկած, ինչպես նաեւ որոշ հարցերում թերացած զինկոմիսարիատները:

Խորհրդակցության ընթացքում հնչած այլ ելույթներում արծարծվել եւ քննարկվել են երիտասարդների կցագրմանը եւ հաշվառմանը, բուժհետազոտությանը, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանը, ինչպես նաեւ զորակոչին առնչվող այլ հարցեր:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքներն ու շնորհակալություն հայտնելով կատարված համատեղ լայնածավալ ու արդյունավետ աշխատանքի համար` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները եւս կիրականացվեն բարձր մակարդակով: Սեյրան Օհանյանը 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման եւ անցկացման առումով տվել է նաեւ մի շարք ցուցումներ եւ հանձնարարականներ:

Ձմեռային զորակոչն արդյունավետ կազմակերպելու եւ անցկացնելու, այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար զինկոմիսարիատների, իրավապահ մարմինների, բուժհանձնաժողովների եւ այլ կառույցների մի խումբ ներկայացուցիչներ ու զինծառայողներ պարգեւատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով:

IMG_2892_copy

IMG_2902_copy

IMG_2908_copy

IMG_2916_copy

SIP_1783_copy

SIP_1786_copy

SIP_1816_copy

SIP_1838_copy




Լրահոս