ԴԱՀԿ-Ի ՄԻՀՐԱՆԸ ԹԵԿՆԱԾՈՒ ԿՈՒՆԵՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց այն փաստը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ինքը եւս իր թեկնածուն կունենա եւ կպաշտպանի հենց նրան:
-Պարո՛ն Պողոսյան,  մեր տեղեկություններով` առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում  Դուք  «ակտիվանալու» եք եւ Ձեր թեկնածուն եք ունենալու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ճի՞շտ է:
-Ի՞նչ է նշանակում թեկնածուն եք ունենալու կամ ինչ-որ մեկին բերելու եք:
-Այսինքն` խոսակցություններ կան, որ Դուք Ձեր հարազատներից մեկին պատգամավոր դարձնելու նպատակ ունեք:
-Ես ասեմ, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքի ճակատագիրը եւ ընդհանրապես հանրապետության ցանկացած համայնք իմ համար մեկ չի: Իսկ ինչ վերաբերում է Քանաքեռ-Զեյթուն համայնքին, շատ ավելի… որովհետեւ Քանաքեռ-Զեյթուն համայնքում ես, վերջիվերջո, ունեմ ահագին անցկացրած ժամանակ, ես որոշակի ժամանակ այնտեղ շփումներ եմ ունեցել: Հիմա եթե այդպիսի հնարավորություն լինի, եւ լինի մարդ, որը գտնեմ… որ ես կոնկրետ տեսնեմ, ես կփորձեմ իմ ուժերի չափով դա կազմակերպել, որպեսզի համայնքին էլի ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Ինչո՞ւ չէ:
-Կարելի՞ է ենթադրել, որ այդ ուղղությամբ արդեն մտածում եք:
-Եթե դու կարող ես մի դրական բան անել, ինչո՞ւ չէ: Քանաքեռ-Զեյթուն համայնքի համար ես միշտ ինչ-որ բաներ մտածում եմ:
-Իսկ  այսօրվա դրությամբ կոնկրետ ինչ-որ մի թեկնածու ունե՞ք, որին կսատարեք ընտրությունների ժամանակ:
-Այսօրվա դրությամբ` չէ՛, չկա, պլանավորվում է, որ հնարավոր է ինչ-որ բաներ: Բայց այսօրվա դրությամբ, որ ինչ-որ բան կա արդեն, դա սուտ է, հասկանո՞ւմ եք, դեռեւս երեք ամիս կա, եւ դեռեւս շատ շուտ է վերջնական որոշում կայացնելը: Երեք ամսվա ընթացքում շատ բան կարող է փոխվել:
-Հնարավո՞ր է, որ ինչ-որ մեկի թեկնածությունը պաշտպանելու փոխարեն, Ձեր թեկնածությունն առաջադրեք նշված համայնքում:
-Ես, ճիշտն ասած, ինձ չեմ տեսնում, ոչ թե չեմ ուզում, այլ ես ինձ չեմ տեսնում, այսքանը կարող եմ ասել:
-Ժամանակին Դուք ապտակեցիք Ձեր աշխատակցին, Ձեր փոխարեն աշխատանքից ազատեցին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, ինչո՞ւ նման պատիժ եղավ: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ դեպքը:
-Ես ասել եմ եւ նորից եմ կրկնում, որ ՀՀ վարչապետի մեկնաբանությունից հետո ես այդ դեպքը չեմ մեկնաբանում: Գիտեք, ես այսօր չեմ գտնում, որ երկրի վարչապետի հայտարարությունից հետո պետական որեւիցե մի պաշտոնյա իրավունք ունի մեկնաբանել դա: Անգամ, եթե ես համաձայն չեմ: Ես ընդգծում եմ` անգամ, եթե ես համաձայն չեմ այն գնահատականին եւ այն հայտարարությանը, որն արվել է:
-Պարո՛ն Պողոսյան, վերջերս Դուք վաճառեցիք Ձեզ պատկանող «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը եւ կարծես հրաժարվեցիք բիզնեսից: Հնարավո՞ր է` Ձեր մորեղբայրների հետ առաջիկայում բիզնես ծավալեք, քանի որ վերջիններս շատ հայտնի են այդ ոլորտում:
-Ես բիզնես չունեմ, ես իրավունք էլ չունեմ բիզնեսով զբաղվել կամ բիզնես ունենալ: Այն դեպքում, եթե ես պաշտոնյա չլինեմ, նոր այդ ժամանակ կմտածեմ ինչ-որ բան անելու մասին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս